4-րդ դարի մոռացված եկեղեցին վերածնվում է Սյունիքում․ ի՞նչ կապ ունի Առուշ Առուշանյանը
Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում ընթացքի մեջ է հայկական վաղքրիստոնեական շրջանի պատմամշակութային հուշարձանի՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնումը։ Եկեղեցին, որը թվագրվում է 4-5-րդ դարով, կարևոր սրբավայր է Գորիս համայնքի համար։ Նրա վերականգնումը նպատակ ունի ոչ միայն պահպանել պատմական արժեքները, այլև նոր շունչ ու կյանք հաղորդել հոգևոր ավանդույթներին։
Պատահական հանդիպման և համառոտ զրույցի ընթացքում Սյունիք լրատվականը պարզեց, որ վերականգնման նախաձեռնությունը պատկանում է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են նրա կողմից՝ առանց աղմուկի, առանց հրապարակային հայտարարությունների։ Առուշանյանի համար այս գործը պարզապես անձնական որոշում չէ, այլ՝ հավատքի ու պատմության հանդեպ պատասխանատվության դրսևորում։
Սյունիք լրատվականի հետ զրույցում համայնքի ղեկավարը շեշտեց՝ սա բարեգործություն չէ, այլ պարտք․
«Հայոց պատմության և քրիստոնեության հիմքը դրել է հայ մարդը։ Ուստի հենց հայն էլ պետք է այն պահպանի ու փոխանցի սերունդներին։ Ես բարեգործություն չեմ անում։ Պարզապես Աստված որոշել է իմ ձեռքով այս սրբավայրը վերականգնել ու կրկին նվիրել հայ ժողովրդին»։
Վերականգնվող Սուրբ Հռիփսիմեն ոչ միայն ճարտարապետական բացառիկ նմուշ է, այլև հավատքի և պատմական շարունակականության խորհրդանիշ։ Սյունիքում իրականացվող այս նախաձեռնությունն ուղերձ է՝ վերադարձ արմատներին, պատմությանն ու հոգևոր ժառանգությանը։
Առուշանյանի խոսքով՝ նման սրբավայրերի պահպանումն այսօր առավել քան երբևէ կարևոր է, երբ հայ ժողովուրդը կանգնած է ինքնության, անվտանգության ու արժեքների պահպանման առաջնագծում։
«Երբ վերակենդանանում է մի եկեղեցի, վերակենդանանում է նաև հավատը, ինքնությունը և մեր կապը այս հողի հետ։ Սա ոչ թե պարզապես քար է, այլ ժողովրդի հոգին, որի կորուստը չի ներվի պատմության կողմից»,- նշեց նա։
Վերականգնման աշխատանքները ընթանում են միաժամանակ՝ պահպանելով եկեղեցու հնագույն ճարտարապետական լուծումներն ու ապահովելով կառուցվածքի ամրությունը։ Նախատեսվում է, որ դրանք կավարտվեն առաջիկայում, իսկ սրբավայրը նորից կդառնա համայնքի հոգևոր կյանքի կարևոր կենտրոններից մեկը։
Հեղինակ՝ Սյունիք լրատվական