Երեկվա՝ Սերվանտեսի մասին նյութից հետո, սիրելի ժողովուրդ, շատերիդ հետաքրքրեց Անտոն Հայի կերպարը.
ծանոթացեք…
Երբ Վենետիկը նոր էր կազմավորվում և շատ հեռավոր ապագայում դառնալու էր համաշխարհային մշակութային կենտրոններից, հայերը կրկին հայտնվեցին պատմության էպիկենտրոնում: 1993թ-ին Իտալիայում լույս տեսավ Ալերամո Հերմետի ( Հերմետյանների տոհմից՝ Նոր Ջուղայից) և իտալացի Պաոլո Կոնի Ռատտի դի Դեզիոյի «Հայկական Վենետիկ» գիրքը։
2000թ-ին Սոնա Հարությունյանի թարգմանությամբ գիրքը լույս տեսավ նաև հայերեն, թեև, չգիտես ինչ պատճառով, սահմանափակ և քիչ օրինակներով։
Այս զարմանահրաշ գրքում հեղինակները հետևողականորեն բացահայտում են Վենետիկի պատմության ամենահին էջերը։ Սրբելով մոռացության փոշին՝ ինչպես մենք ենք փորձում դա անել այսօր, նրանք վառ ու պատկերավոր լեզվով նկարագրում են տարբեր տարիների իրադարձությունները, խոսում դրանց գլխավոր հերոսների մասին։ Այդ գիրքը հետազոտական հսկայական շտեմարան է․ Հեղինակները պարզապես քրքրել են բազմաթիվ եկեղեցական և պետական արխիվներ, հավաքել ժողովրդի մեջ պահպանված ավանդույթները և ուսումնասիրել Հայաստանի պատմությունը։ Ասեմ, որ գիրքն արժանացել է բազմաթիվ բարձրագույն պարգևների ողջ Եվրոպայով, իսկ Հայաստանում դրա մասին գրեթե չգիտեն․․․
«Հայերի և վենետիկցիների սերտ հարաբերություններն ուսումնասիրելու միտքն ինձ մոտ ծագեց վենետիկյան փողոցներով քայլելիս, որտեղ ամենուր հանդիպում էի հայերի հետքերի։ Տասնվեցդարյա՝ մտավոր ճանապարհորդության մեկ այլ պատճառ էլ իմ մեծ սերն էր հանդեպ Հայաստանն ու Վենետիկը: Վենետիկի հայերի պատմությունը փառավոր պատմություն է. Դրա գլխավոր հերոսները՝ Հայկի սերունդները, դեռևս քաղաքի հիմնադրման օրից, իրավունք ունեին ազատ ապրելու, իրենց հսկայական ռազմական ավանդը ներդնելու և իրացնելու գիտական իրենց պոտենցիալը անձրևների քաղաքում․․․» – պատմում է Հերմետյանը։ Հայերի ներկայության հետքերը պարզ երևում են Վենետիկի Հանրապետության պատմության ողջ ընթացքում՝ հիմնադրման օրվանից։
Ըստ Բոլոնիայի համալսարանի Բյուզանդիայի պատմության պատվավոր պրոֆեսոր Անտոնիո Կարիլեի՝ Ռավեննայի հիմնադիրը եղել է հայ սպարապետ Նավենը։ Այդ ժամանակ Ռավեննայում տեղակայված էր հայկական մի քանի տասնյակ հազարանոց բանակը, որին ուղեկցում էր հայ քահանաների հսկայական շարասյունը։ Մ․Թ․ 66թ-ին Հայոց թագավոր Տրդատը Ներոնի ձեռքից թագը ստանալու կապակցությամբ նրան ընծա էր մատուցել՝ հայկական բրոնզե ձիերի քառյակը պատկերող քանդակ, ինչը երկար դարեր կանգնած է եղել Սուրբ Մարկոսի հրապարակում, սակայն բնության կործանարար ազդեցությունը ստիպել է այն տեղափոխել թանգարան՝ քանդակի տեղում տեղադրելով դրա կրկնօրինակը։ Ռավեննայի փոխարքա Ներսես սպարապետը փոխարքա Իսահակից (երկուսն էլ ազգությամբ հայ) դեռ ութսուն տարի առաջ Վենետիկի հիմնադրման հարյուրամյակի կապակցությամբ կառուցեց Սուրբ Մարկոսի հրապարակը, որը հետագայում դարձավ ամենահայտնին աշխարհում։ Ներսեսը կառուցեց այդ հրապարակում Սուրբ Թեոդորոս և Սուրբ Ջեմինիանո եկեղեցիները։ Իբն Սինի աշխատությունների մեջ կարդում ենք․
«Վենետիկի առաջին և ամենահայտնի խանութը՝ «Մելքում» , լավագույն ապրանքներն էր վաճառում ողջ տարածաշրջանում։ Դեռ շատ հին ժամանակներից հայ վարպետները ողջ Իտալիայով տարածեցին կորալների մշակման իրենց վարպետությունը։ Հարստանալով՝ հայերը հարստացրեցին նաև Վենետիկի պետական գանձարանը՝ իրենց խանութներով ու պահեստներով, ապրանքների ներմուծման և արտահանման համար վճարվող մաքսատուրքերի հաշվին։ Երախտավոր և ընտրյալ հայ ժողովուրդը, շրջանառության մեջ մեծ կապիտալներ դնելով, դարձավ Վենետիկի ֆինանսական և մտավոր երաշխավորը։ Ադրիատիկ ծովում Վենետիկի դրոշի ներքո նավարկում էին հայ մեծահարուստ ձեռնարկատերերին պատկանող հարյուրավոր հայկական նավեր» – հիշեցնեմ, սրանք Իբն Սինի թարգմանություններից են։
Վենտետիկի պատմության մեջ ասվում է, որ հայ մեծահարուստները ժամանակակից լիազորագրերից շատ առաջ ստեղծել էին միջազգային բանկերի իրենց համակարգը, որի միջոցով կարող էին մեծ գումարներ փոխանցել մի երկրից մյուսը․․․
Գալով արդեն հարյուրամյակներ առաջ, 1550 թ-ին Սիրիայում ծնվեց Սուրյանների տոհմից Անտոնը։ Սուրյան ազգանունն ինքնին բավականին հայտնի է Վենետիկում. այդ տոհմը 1927թ-ից դարձել էր Վենետիկի Մեծ Խորհրդի անդամ։ Սուրյանների տոհմից էր նաև Անտոնիո Սուրյան պատրիարքը, ով մահացել էր 1508թ-ին։ Բայց հետ դառնանք մեր Անտոնին, ով 1570թ-ին՝ քսան տարեկանում, Կիպրոսից Վենետիկ էր ժամանել առևտրային նավով։
Անտոնն առաջին հերթին ծառայության է անցնում Վենետիկի նավատորմում՝ որպես ատաղձագործ։ Կարճ ժամանակ աշխատելուց հետո, շնորհիվ նավագնացության և ճարտարագիտության ոլորտում ունեցած մեծ գիտելիքների, նա դառնում է Վենետիկի նավատորմի սպա։
Իր հմուտ վարպետության, արժեքավոր և գործնական առաջարկների ու նորարարությունների համար նա ստանում է «ճարտարապետ» մականունը։
Անտոն Սուրյանը կամ «Անտոն Հայ»-ը ՝ ինչպես նրան կոչում են Իտալիայում, ստեղծում է նավերը ջուրն իջեցնելու և խորտակված նավերը ջրի հատակից վեր բարձրացնելու առաջին մեխանիզմը, ինչպես նաև՝ ջրի հատակը տիղմից, ցեխից ու բեկորներից մաքրելու տեխնոլոգիան։ Սուրյանի ճարտարապետական հանճարը փայլեց 1571թ-ին՝ Լեպանտոյի հայտնի ճակատամարտի ժամանակ․
թուրք-վենետիկյան պատերազմի ամենաթեժ պահին՝ «Սուրբ լիգայի» նավերը ծովային ճակատամարտում դուրս եկան օսմանյան կայսրության նավերի դեմ։ Անտոնն այնպիսի հնարամտությամբ էր դասավորել դաշնակիցների նավատորմի թնդանոթները, որ դրանք առավել հեշտ էին խոցում օսմանյան նավատորմը։ Հաշվարկներն անթերի և անսխալական էին, և արդյունքում օսմանյան նավատորմի 224 նավեր ջախջախվեցին։
Ըստ Հեգելի՝ «Լեպանտոյի ճակատամարտը Իտալիան և Եվրոպան փրկեց բարբարոսների հեղեղումից»։
Հաջորդ իրենց արշավանքին թուրքերն արդեն կտրելու էին Կիպրոսը Եվրոպայից․․․
Հատկանշական է նաև, որ Լեպանտոյի ճակատամարտի զինվորներից էր Սուրյանի մտերիմ ընկերը՝ «Դոն Կիխոտի» ապագա «հայր»՝ երիտասարդ Միգել Սերվանտեսը։ Հետագայում Անտոն Հայն իրենց դրսևորեց արդեն որպես հանճարեղ գիտնական և բժիշկ՝ երկրորդ անգամ փրկելով Եվրոպան՝ 16-րդ դարում տարածված ժանտախտից․ Անտոնի գիտական ջանքերի շնորհիվ՝ փրկվեցին հազարավոր ընտանիքներ, ու երբ Վենետիկում ժանտախտը վերջնականապես հաղթահարվեց, Սուրյանի վաստակը ճանաչվեց պաշտոնական և բարձր մակարդակով։
Նավաշինարար, ռազմական բժիշկ, գիտնական, ճարտարագետ, Եվրոպան երկու անգամ փրկած ծովակալ Անտոն Հայի՝ Անտոն Սուրյանի հետագա կյանքից ոչինչ հայտնի չէ։ Այսօր Անտոն Հայի անունով է անվանակոչված Վենետիկի փողոցներից մեկը…
Անտոնից, բնական է, նկար չկա, ընդամենը՝ իսպանացի նկարիչ Խուան Լունայի «Լեպանտոյի ճակատամարտը» կտավը։
Հիշեցում. առանց նյութը կիսելու՝ առանձին հատվածներ չպատճենել!!!
Ես հետևողական եմ լինելու այս «ալան-թալան»-ի մեղավորներին պատժելու հարցում։