Շախմատ՝ որպես մտավոր զարգացման միջոց Գորիսի երրորդ մանկապարտեզում
Գորիսի երրորդ մանկապարտեզում կազմակերպվել էր շախմատի վերաբերյալ ճանաչողական-մանկավարժական միջոցառում, որի նպատակն էր երեխաներին ծանոթացնել այս հնագույն ու ռազմավարական խաղի հիմունքներին։ Մանկապարտեզի դահլիճում ստեղծվել էր խաղային և ուսուցողական միջավայր. սաներն իրենց դաստիարակների օգնությամբ սովորեցին շախմատի խաղաքարերի անվանումները, շարժման կանոնները, ինչպես նաև պարզագույն ռազմավարական հնարքներ։
Միջոցառման ընթացքում երեխաները մասնակցեցին փոքրիկ մրցույթների, խաղացին միմյանց հետ և ցուցաբերեցին մեծ հետաքրքրություն ու ոգևորություն։ Մանկավարժները կարևորեցին նման նախաձեռնությունների շարունակականությունը, նշելով, որ շախմատը զարգացնում է երեխայի տրամաբանությունը, ուշադրությունը և համբերատարությունը։
Իսկ ծնողները մեծ գոհունակությամբ ընդունեցին մանկապարտեզի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ նման կրթական խաղերը նպաստում են երեխաների ընդհանուր մտավոր զարգացմանը։
Լրագրող`Արմինե Սիմոնյան