Մենք նաև ինքնապաշտպանվել ենք. էպիզոդ 9
1915 ապրիլի 1 – մայիսի 12 – Շատախի ինքնապաշտպանությունը (Վասպուրական, Անձևացիք գավառի արևմուտք, Ջերմ գետի աջ ափին)
Շատախի ղեկավարությունը, զգալով շրջանի հայության վրա կախված սպառնալիքները, ձեռնամուխ եղավ ինքնապաշտպանության` մարտական պատրաստության բերելով Սամվել Մեսրոպյանի և Տիգրան Բաղդասարյանի գլխավորած Հայկական բանակը (526), ընդ որում Հայկական ղեկավարությունը որոշեց տեղահանել միայն քրդական ուժերով շրջապատված Ջերմ գետի ափին գտնվող Նորադուզի շրջանի (Թաղից մոտ 20 կմ արևելք) 8 հայկական գյուղերի բնակչությանը, իսկ մնացած բնակչությանը թողնել տեղում և իրականացնել երկրամասի ընդհանուր պաշտպանություն: Տեղեկանալով այդ մասին` Օսմանյան սուլթանության բանակը և քրդերը (ընդհանուր` 6.000) պատրաստվեցին ակտիվ գործողությունների:
I փուլ – Ապրիլի 1-ի առավոտյան Բազիկ Պետրոսյանի և Արշակ Ալավերդյանի գլխավորած ջոկատը պաշարեց Սիվիտկինում (Վասպուրական, Շատախ գավառ, Թաղից հյուսիս) տեղակայված ոստիկանական ջոկատը (20), որը հանձնվեց միայն սեփական հրամանատարի սպանվելուց հետո: Կեսօրին հաջողությունը զարգացրած Հայկական աշխարհազորը վնասազերծեց նաև Շահրուրայում (Վասպուրական, Շատախ գավառ, Թաղից հյուսիս) տեղակայված պահակակետերը, որոնցում տեղակայված թշնամու ռազմիկները, տեղում թողնելով մեծ քանակությամբ զենք և զինամթերք, դիմեցին փախուստի: Միաժամանակ ոչնչացվեցին նաև երկրամասի հեռագրալարերը, իսկ դրանք նորոգելու համար ուղարկված ջոկատին էլ Հայկական աշխարհազորը պարտության մատնեց:
II փուլ – Ապրիլի 2-ին Հայկական աշխարհազորը ոչնչացրեց Ջերմ գետի վրայի փայտյա կամուրջները` դժվարացնելով թշնամու առաջխաղացումը և վերջնականապես գրավելով պաշտպանական բնագիծ: Նույն օրն էլ քրդերը (300) հարձակվեցին Նորադուզի 8 հայկական գյուղերից հեռացող բնակչության վրա, ինչի արդյունքում Հակոբ Աղեկյանի և նրա եղբայր Մանուկի գլխավորությամբ հայ բնակչությանը ուղեկցող ջոկատը (10), ձգտելով կասեցնել թշնամու առաջխաղացումը, Քրմենց գյուղի մոտ անհավասար մարտի մեջ մտավ թշնամու հետ: Շահելով անհրաժեշտ ժամանակ` Հակոբը և Մանուկը հրամայեցին յուրայիններին նահանջել, իսկ իրենք, գրավելով ամուր դիրքեր, կրկին հետ շպրտեցին թշնամուն: Արդյունքում՝ հայ բնակչությունը, նրան ուղեկցող ջոկատը և Մանուկը փրկվեցին, իսկ գլխից ծանր վիրավորված ու կուրացած Հակոբը այդ վիճակում էլ աներեր դիմադրեց թշնամու և ընկավ քաջի մահով:
III փուլ – Ապրիլի 4-ի Հայկական աշխարհազորը գլխովին ոչնչացրեց Սակի ոստիկանական ջոկատը: Տեղեկանալով այդ մասին` թշնամին հարձակման անցավ Շատախի դիմադրության կենտրոնը հանդիսացող Թաղի ուղղությամբ, սակայն կորուստներով հետ շպրտվեց:
IV փուլ – Ապրիլի 5-ից 6-ը ընթացան դիրքային մարտեր:
V փուլ – Ապրիլի 9-ին թշնամին ավերեց Հաշկանցը (Թաղի մոտ) և հարձակվեց Բոլսի (Թաղի մոտ) վրա, բայց Թաղից դեպի Բոլս շարժված Հայկական աշխարհազորի օգնությամբ վերջինիս գրոհը հետ մղվեց:
VI փուլ – Ապրիլի 18-ին թշնամին գրոհի անցավ Հաշկանցի կողմից, սակայն հետ շպրտվեց ելման դիրքեր` կորցնելով 5 զինվոր: Ապրիլի 20-ին հայերը գործարկեցին առաջին ինքնաշեն հրանոթը, որը մեծապես ահաբեկեց թշնամուն, իսկ երեք օրից էլ մարտի մեջ մտցրին ևս մեկ հրանոթ:
VII փուլ – Ապրիլի 24-ին, վերականգնելով Ջերմ գետի կամուրջներից մեկը, քրդերը հուժկու հարձակման անցան Կաճետի (Թաղից 5 կմ հարավ, Ջերմի ափին) և Արմշատի (Թաղից մոտ 14 կմ հարավ-արևմուտք, Ջերմի ափին) ուղղությամբ: Չցանկանալով վտանգել թիկունքը` հայերը այս ուղղությամբ Ազատ Սիմոնյանի գլխավորությամբ Թաղից շարժեցին մի ջոկատ (50), սակայն մինչև այս ջոկատի տեղ հասնելը տեղում Մելիք Աբրահամյանի գլխավորությամբ գործող Հայկական ուժերը արդեն իսկ մեկօրյա մարտում հետ էին շպրտել թշնամուն: Թշնամին կորցրեց 40 սպանված, մոտ 50 վիրավոր, 12 գերի:
VIII փուլ – Ապրիլի 25-ին քրդերը (400) մեկ այլ վայրում վերանորոգեցին Ջերմ գետի կամուրջներից մեկը և հարձակվեցին Բոլսի վրա, սակայն Բոլսը պաշտպանող Հայկական ջոկատը (16) համառ դիմադրություն ցույց տվեց, իսկ բնակչությունն էլ թշնամուն դիմադրեց կացիններով, բահերով ու քարերով: Արդյունքում՝ միայն օրվա վերջում թշնամուն հաջողվեց ծանր կորուստներով գրավել գյուղը: Նույն գիշեր էլ, սակայն, Թաղից առաջխաղացած Հայկական ուժերը մտան Ծիծանց` շրջապատման վտանգ ստեղծելով Բոլսում ամրանալ փորձող քրդերի համար:
IX փուլ – Ապրիլի 26-ին քրդերը սկսեցին նահանջել Բոլսից, սակայն ենթարկվեցին Հայկական աշխարհազորի հարվածներին և կորցրին 50 սպանված ու վիրավոր: Իր հերթին երեկոյան, հաշվի առնելով սկսված սաստիկ ցրտերը, Հայկական ուժերը սկսեցին նահանջել, որի պատճառով համալրված թշնամին դադարեցրեց նահանջը և սկսեց մոտենալ Սոզվանցին (Թաղի մոտ):
X փուլ – Ապրիլի 27-ին քրդերը (800) հարձակման անցան Սոզվանցի ուղղությամբ, սակայն, հանդիպելով Հովսեփ Գարունյանի ջոկատի (19) համառ դիմադրությանը, կարողացան գյուղ մտնել միայն հաջորդ օրը երեկոյան: Այս մարտում, փրկելով գյուղացիների կյանքը, մինչև վերջ մարտնչելով զոհվեցին Երեմ Մարկոսյանը, Թովմաս Իսաջանյանը, ինչպես նաև Հովսեփը և նրա 12 մարտիկները: Ողջ մնացած վերջին 4 վիրավոր մարտիկները ապաստանեցին Թաղի մոտ գտնվող Սուրբ Աստվածածին վանքում, որը շուտով պաշարվեց թշնամու կողմից: Այս անգամ, սակայն, քրդերը չկարողացան հասնել հաջողության, քանի որ Թաղից առաջխաղացած Հայկական աշխարհազորը փախուստի մատնեց նրանց և փրկեց ոչ միայն այս մարտիկներին, այլև փրկության լուրը նրանց հասցրած տասներկուամյա Սրբուհուն:
XI փուլ – Մայիսի 1-ից 3-ը թուրքերը և քրդերը հարձակման անցան Թաղի ուղղությամբ ու համառ մարտերով գրավեցին որոշ դիրքեր, սակայն Հայկական աշխարհազորը հակահարձակման անցավ և հետ շպրտեց թշնամուն:
XII փուլ – Մայիսի 4-ին, ծանր կորուստներ պատճառելով հակառակորդին, մարտերով Թաղ մտավ Բազիկ Պետրոսյանի և Արշակ Ալավերդյանի գլխավորած ջոկատը: Հաջորդ օրը թշնամին մարտի մեջ մտցրեց Փեսանդաշտի ինքնապաշպանության շնորհիվ ճանապարհին ուշացած 2 հրանոթները և սկսեց ուժեղ հրետակոծություն:
XIII փուլ – Մայիսի 4-ից 8-ը թշնամու բանակը (400) մի շարք հարձակումներ ձեռնարկեց Կաղբիի (Թաղից մոտ 5 կմ հարավ-արևմուտք) վրա, բայց Արշակ Մկրտչյանի ջոկատը ( 8 ) հետ շպրտեց թշնամուն, իսկ Թաղից օգնության հասած ուժերն էլ թիկունքային հարվածով ծանր կորուստներ պատճառեցին վերջինիս:
XIV փուլ – Մայիսի 8-ին հակահարձակման անցած Հայկական աշխարհազորը գրավեց Սոզվանցը: Թշնամին կորցրեց 60 սպանված և մեծաթիվ գերիներ:
XV փուլ – Մայիսի 9-ից 11-ը ընթացան դիրքային մարտեր:
Հայերը կորցրին մոտ 200, թշնամին` մոտ 2.000 զինվոր: Մայիսի 12-ին առաջխաղացած Ռուսական կայսրության բանակը, նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները, ինչպես նաև Սարգիս Մեհրաբյանի գլխավորած Արարատյան ջոկատը մտան երկրամաս: Շատախի հայ բնակչությունը հիմնականում փրկվեց կոտորածից, թեև հետագայում ստիպված եղավ արտագաղթել: