18+
Ճանաչե՛ք ճշմարտությունը և մի՛ ուրացեք այն։ Մի՛ վախեցեք՝ կանգնելու հալածվողի և առերևույթ թույլի կողքին, եթե նրանն է ճշմարտությունը։
7 տարի առաջ այս օրը հալածվում և դագաղյալ «մերժման» էին ենթարկվում ոչ թե առանձին վերցրած ՀՀԿ-ն՝ որպես կուսակցություն, այլ ամբողջ Ղարաբաղյան շարժումը, Արցախի և Հայաստանի ապագան։ Ձեր խոնարհ ծառան այն քչերից էր, որ դագաղալիր այդ օրերին բառացիորեն զգուշացնում էր այդ պարզ ճշմարտության մասին։
Նույնպես և Հայաստանյայց Առաքելական եկեղեցին օրվա թուրք բռնակալների կողմից հալածվում է ոչ որպես սոսկ մի կրոնական կառույց։ Հայոց եկեղեցին թիրախավորվում է՝ որպես հայոց միակ կանգուն մնացած և 1724 տարվա կյանք ունեցող իշխանական տուն, Մեծ Հայքի թագավորության «բեքափ» տարբերակ և համայն հայությանն աստվածային ճշմարտության ձայնը հասցնող կառույց։
Հանգունորեն անտարբեր մի՛ անցեք նաև Դաշնակցության դեմ տարվող հալածանքների հանդեպ։ Հալածվողը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունում գրանցված մի հերթական կազմավորում չէ, այլ Մամիկոնյաններից մինչև մեր օրեր, Ավարայրից մինչև Աղդամ հավերժորեն շարունակվող ազգային ճշմարտության ջահակիրն է, որ խորհրդանշում է հայության պայքարն իր ազգային-քաղաքական իրավունքների համար։
Ճանաչե՛ք ճշմարտությունը և մի՛ ուրացեք այն։ Մի՛ վախեցեք՝ կանգնելու հալածվողի և առերևույթ թույլի կողքին, եթե նրանն է ճշմարտությունը։
Հ․Գ․ Իսկ «18+»-ը վերաբերում էր ոչ թե նկարիս կամ գրառմանս, այլ մեկնաբանությունների բաժնում տեղադրված վիդեոմեկնաբանությանը, որում Լիբանանի քաղաքացիական պատերազմում հայության ինքնապաշտպանության զինվոր, Արցախյան բոլոր երեք պատերազմների մասնակից ընկեր Շահե Աճեմյանը շատ յուրահատուկ կերպով պաշտպանում է ազգային ճշմարտությունը։