Էս վերջերս ավարտեցի եւս մի կարեւոր գիրք, որ շատերի համար տարօրինակ կարող է թվալ որ հիմա եմ կարդում։
Կարդացի Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը»։
Մի քանի ուշագրավ եզրահանգումներ եւ մեջբերումներ, որ ցանկանում եմ ընդգծել գիրքը կարդալու արդյունքում։
Բնիկ – Հայկ նահապետից սերված իշխանական տների եւ ոչ բնիկ իշխանական տների պատմությանը կարեւորությունը տալ 5-րդ դարում։ Շատ հետաքրքիր ձեւով է Խորենացին պատմում մեր նախարարական տների ծագումնաբանությունը։
Արամ աշխարհակալի մասին տեղեկությունն իմ համար ցնցող էր։ Ես լսել էի Արամ աշխարհակալի մասին, բայց չգիտեի որ օրինակ, նա բաժանել է իր ենթակայության տակ աշխարհը չորս մասի՝ Հայք 1, Հայք 2, Հայք 3 եւ Հայք 4 ու որտեղ կատարել է նվաճում, տեղացիներին սովորեցրել է հայերեն։ Միայն էս վերջին նախադասությունն արդեն շատ ու շատ հզոր ու մեծ բանի մասին է խոսում։ Մի տեսակ շատ քիչ բան գիտենք մենք էս թագավորի մասին։
Թե ինչպես է Շամիրամը խաբում հայ նախարարներին, իբր կենդանացրել է Արա Գեղեցիկին եւ այդպիսով ճնշում նրանց ապստամբությունը։ Հետաքրքիր է, որ դրանից հետո Շամիրամը մեծ ներդրումներ է կատարում Հայաստանում։ Անկեղծ ասած, ինտուիտիվ զգում եմ, որ այս պատմությունից հետո է սկսել հայկական անիվը թարս պտտվել։ Սա շատ նմանեցնում եմ մեր ժամանակներին էն համատեքստում, որ այսօր էլ մեզ շատ հեշտ են խաբում օտարները։
Արտաշես Բարերարի պատմությունն իրոք շատ հետաքրքիր էր։ Նրա օրոք Հայաստանում զարգանում է գիտությունը, արհեստները, տնտեսությունը, բանակը։ Փաստացի Տիգրան Մեծի հաջողությունների գաղտնիքը նաեւ հզոր եւ կուռ երկիր ժառանգություն ստանալն է եղել։
Հռոմի եւ Պարսկաստանի արանքի կռիվները։ Մերոնք փաստորեն մեկ էս կողմ էին, մեկ՝ էն կողմ։ Վերջը Հռոմն ու Պարսկաստանն իրար հետ բարիշում են՝ մեզ էլ բաժանում երկու մասի։ Ուշագրավ է, որ էդ ժամանակ կարողանում են էլի հայկական թագավոր ունենալ, ով հոգ է տանում, որ պարսկական մասն իր հարկերը տա պարսիկ շահին, իսկ Բյուզանդիայի մասը՝ Բյուզանդիայի կայսրին։ Էս դուր չի գալիս պարսիկ թագավորին, որովհետեւ մտածում է, որ հայերն էլի կմիավորվեն ու վերջը դուրս կգան իր իշխանությունից եւ կթեքվեն Բյուզանդիա։
Փաստորեն էդ բազարները մինչեւ հիմա կան. առնվազն 2500 տարի է. պարսիկները մնացել են իրենց տեղում, Հռոմը դառել է Բյուզանդիա, հետո Օսմանյան կայսրություն, հետո՝ Թուրքիա։ Էս գզվրտոցների արանքում մենք պարբերաբար կորցնում ենք մեր թագավարությունը, հետո նորից վերականգնում։ Էսօր էլ էդ նույն պրոցեսի շարունակության մեջ վերականգնել ենք մեր անկախությունը։
Խորենացի կարդալով լիարժեքորեն քեզ զգում ես հայկական թագավարության մասնիկ, դարդոտվում հայկական թագավորության ցավերով, ձախողումներով, երեխու պես ուրախանում հաջողություններով, հաղթանակներով։ Մեծ մոգական բան կա. տպավորություն է, որ ինքը 1500 տարի առաջվանից խոսում է հենց քո հետ եւ քեզ պատմում իրենից 1500 տարի առաջվա անցքերը, պատմությունները ու քեզ կապում էդ ամեն ինչի հետ։
Թերեւս այսքանը։ Ուրախ կլինեմ լսել, քննարկել ձեր մտքերը, մեկնաբանությունները։