1305թ․ Այասի ճակատամարտ. երբ քարերը դարձան հաղթանակի զենք

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
51 Views

1304 թ-ին Կիլիկիայի թագավորության դեմ հարձակումը ավարտվել էր գլխովին ջախջախմամբ, այս մասին վերջերս խոսեցի, և ահա, ցանկանալով վրեժխնդիր լինել, Կահիրեում որոշեցին հաջորդ տարի ՆՈՐ ՀԱՐՁԱԿՈՒՄ ՁԵՌՆԱՐԿԵԼ: Նախորդ հարձակումը եղել էր ծովի կողմից, դրա համար էլ այս անգամ որոշվեց հարվածը ձեռնարկել արդեն Հալեպից՝ ցամաքով:

Արդյունքում, սակայն, 1305 թվականի օգոստոսի կեսին Այասի ճ-մ-ում սպարապետ Օշին Կանչեցի Հեթումյանի և արքայեղբայր Ալինախի գլխավորած Կիլիկիայի թագավորության (մոտ 4.000) ու Էլխանության (մոտ 4.000) միացյալ բանակը, ինչպես նաև Հիվանդախնամների օրդենը (մոտ 400) կիրճում դարանը գցեցին և հաղթեցին Հալեպից առաջխաղացած Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 15.000), ընդ որում թշնամին կորցրեց 10.000 զինվոր:

Այս ճակատամարտը ևս ԲԱՑԱՌԻԿ Է համաշխարհային պատմության մեջ, քանզի նույն այս ժամանակ ու նույն մամլուքների դեմ նմանատիպ հաջողություն չէր կարողանում արձանագրել իր ժամանակի քրիստոնյա ուժերից և ոչ մեկը: Ճակատամարտի կապակցությամբ դեպքերին ժամանակակից, Համմայի Էյուբյան էմիր Աբուլ-Ֆիդան հայտնում է, որ Մամլուքյան սուլթանության բանակի հրամանատարը արշավանքի ժամանակ տրվել էր հարբեցողությանը, պատշաճ հետախուզություն չէր իրականացրել և արդյունքում թշնամիները. «…ԿԱՏԱՐՅԱԼ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ»: Մամլուքյան բանակի պարտության փաստն ընդունում է նաև այս դեպքերից դարուկես հետո ապրած սուլթանության պաշտոնական պատմիչ Մակրիզին, ըստ որի. «…այդ ժամանակ թաթարները եգիպտական զորքերին նետերով հեղեղեցին, իսկ հայերը՝ քարերով։ ՇԱՏ ԶԻՆՎՈՐՆԵՐ ՄՆԱՑԻՆ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ։ Հալեպի կայազորի մի մասի հետ միասին գերեվարվեցին Սոբրայի, Քաշթեմուր-Նաջիբի և Քաշթեմուր-Մոդաֆերիի էմիրները։ Բանակի հրամանատար Քաշթեմուրին և Աղ-Սոնկուր-Ֆարիսին հաջողվեց փախչել»։ Հետաքրքիր է, սակայն, որ հետագայում հայերը ամեն կերպ փորձեցին կանխել իրավիճակի հետագա սրացումը, երբ Հեթում II-ը (1289-1293, 1293-1294, 1295-1296, 1298, 1299-1305), ըստ Մակրիզիի, ճակատամարտից հետո. «…շտապեց ուղարկել տուրքը և ներողություն խնդրեց՝ ասելով, թե, այդ ոչ թե ինքը, այլ թաթարներն են սկսել ճակատամարտը, ընդ որում նա խոստացավ օգտագործել բոլոր հնարավոր միջոցները թշնամու իշխանության տակ հայտնված էմիրներին սուլթանին վերադարձնելու համար»:

Եվ վերջապես իրավիճակին արժանահիշատակ գնահատական է տալիս կրկին դեպքերին ժամանակակից ղպտի քրիստոնյա շատ տեղյակ պատմիչ Մուֆֆազալ իբն Աբուլ-Ֆազայիլը, ըստ որի Բեյբարսի (1260-1277) թագավորությունից ի վեր, այսինքն 1276 թ-ի մարտի 6-ի Սարվանդիքարի ճակատամարտից հաշված. «…Հայոց զորքը ԱՅԴՊԻՍԻ ՀԱՂԹԱՆԱԿ ՉԷՐ ՏԱՐԵԼ»: Այսինքն, դատելով ըստ ամենայնի, այս հաղթանակը իր ծավալներով գերազանցել է նույնիսկ 1304 թ-ի հուլիսի 18-ին Այասի ճ-մ-ում շահած հաղթանակին:

«Հայոց 755 թվականին Խազամն ու Խնու Ալինախը Այասի մոտ կոտորեցին Հալեպի հեծելազորը: Սատկեց 10.000 տաջիկ»,- կոշտ ու կոպիտ և կրճատ, սակայն ակնհայտորեն բավարարված տոնայնությամբ հայտնում է Անանունը իր «Ժամանակագրություն 1339 թվականի» աշխատանքում՝ մեզ փոխանցելով հայկական կողմի տեսակետն այս դեպքերի վերաբերյալ: Այլ մանրամասներ հայերի կողմից մեզ ցավոք չեն հասել:

Արդյունքում, այդ թվում նաև հայերի 1304 և 1305 թվականների այս հաջողությունների ֆոնին, 1306 թ-ին կնքվեց հաշտություն և Մոնղոլա-Մամլուքյան III պատերազմն (1299-1306) ավարտվեց: Որպես հետևանք, Կիլիկիայի արևելքը ընկավ Կիլիկիայի թագավորության տիրապետության տակ, այսինքն Կիլիկիայի թագավորության ԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆՆ ԱՄԲՈՂՋԱՑՎԵՑ, լրջագույն կորուստներ կրած Մամլուքյան սուլթանության ռազմաքաղաքական վերելքին վերջ տրվեց, իսկ ոչ պակաս կորուստներ կրած Էլխանությունն էլ իր հերթին բռնեց թուլացման և քայքայման ուղին:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել