֊Բժիշկ, բայց ես սոված եմ, չեմ դիմանում,֊ աղմկում է մեկը սպասող հիվանդների հերթում։
֊Այստեղ բոլորն էլ անոթի են, բոլորն էլ հանգիստ սպասում են իրենց հերթին,֊ հանգիստ պատասխանում եմ։
Քիչ անց.
֊Բժիշկ, գոնե ինձ մի քիչ շուտ կանչեիք։
Չեմ պատասխանում։
Մի փոքր էլ է ժամանակ անցնում.
֊Բժիշկ, ինձ գոնե մի քիչ ուշ կանչեիք։
Անկեղծ ասած վերջին ասածի իմաստը չհասկացա, բայց նորից չպատասխանեցի։
Վերջապես հասավ իր հերթը, մտավ ներս։
֊Ինչու՞ ես անընդհատ աղմկում, բողոքում։ Բոլորն էլ մարդ են, չէ՞։ Ինչո՞վ ես մյուսներից առավել։
֊Դե սոված եմ, չեմ համբերում…
֊Հասկացա, երևի բոլորից ամենախելացին ես, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ կարող է խորամանկել, հերթ խախտել։
Քարացավ, ամաչեց, ու լռեց։
Երբ այս հիվանդն աղմկում էր, ես էլ ինքս ինձ բարկացա, սկսեցի բողոքել, թե` էս մեր ժողովուրդն ինչ էգոիստ է, անհասկացող, անգրագետ… Հետո, երբ հանգստացա, ավելի սթափ դատեցի։ Ախր ինքը սպասող հիվանդների 10%֊ից էլ քիչ էր։ Ինչու՞ եմ կարծիք կազմում ամբողջի մասին` դատելով ընդամենը 10%֊ից էլ պակասի վարքագծով։
Մեր ամբողջ խնդիրն այն է, որ զգացմունքներին չպիտի թույլ տանք հաղթել մեր գիտակցությանը։
Մեր ժողովուրդը շատ էլ լավն է, հրաշալի ժողովուրդ է` կարեկցող, հասկացող, բարի ու համախմբվող։ Պետք չէ բողոքել ժողովրդից, այլ պետք է համախմբել, առաջնորդել, լինել համարձակ ու սեփական ժողովրդին սիրող առաջնորդ։ Ոչ ոք իր լավը մեզ չի տալու։ Ոչ մի ժողովուրդ ավելի լավը չէ քան մերը։ Չի կարելի անընդհատ դատափետել մեր բազմաչարչար ժողովրդին։
Էմոցիաները մի անգամ հաղթեցին մեր հավաքական գիտակցությանը, և տեսանք, թե ինչ արհավիրքներ պատուհասեցին։