ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ
Մարտի 13-ին Գորիսի պետական համալսարանի և Գորիսի քաղաքային պատկերասրահի համագործակցությամբ կայացավ ցուցահանդես՝ նվիրված Կանանց միջազգային տոնին։ Ցուցահանդեսին ներկայացված էին Գորիսի պետական համալսարանի «Կերպարվեստ» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքները, որոնք առանձնանում էին իրենց թեմատիկ բազմազանությամբ, ինքնատիպությամբ, գունային լուծումներով ու նրբությամբ և արտացոլում էին գեղեցկության ու ստեղծագործական մտածողության յուրահատուկ համադրությունը։
Միջոցառմանը ներկա էին դասախոսներ, աշխատակիցներ, ուսուցիչներ, արվեստասերներ, ուսանողներ և քաղաքի մշակութային կյանքի ակտիվ ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսին հրավիրված էին նաև Գորիսի ավագ դպրոցների աշակերտները, որոնց համար այս միջոցառումը մասնագիտական կողմնորոշման հիանալի հնարավորություն էր՝ ծանոթանալու «Կերպարվեստ» մասնագիտության հնարավորություններին, ուսանողների ստեղծագործական ձեռքբերումներին:
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Գորիսի քաղաքային պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը, ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի ստորաբաժանման տնօրեն, ԳՊՀ դասախոս Արամ Մաշուրյանը, բանաստեղծ-արձակագիր Լևոն Սահակյանը, բ․գ․թ․, դոցենտ, ԳՊՀ դասախոս Մհեր Քումունցը, «Կերպարվեստ» մասնագիտության շրջանավարտ Սոնա Մգրդունցը: