Նժդեհ «Ինչու պայքարեց Լեռնահայաստանը»
ՀՈԳԵԲԱՆԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ
Կռվի նպատակը հաղթությունն է:
Հաղթում է թվապես, զենքերի արդիականությամբ և բարոյապես գերազանցող կողմը:
Առաջին երկու տեսակետներից մեր և թշնամու միջև հավասարակշռություն լինել չէր կարող:
Մնում էր միջոցներից ամենաէականն ու բախտորոշը՝ բարոյական գերադասությունը, որը հրամայորեն պետք էր ստեղծել, որպեսզի Սյունիքը չվերածվեր «Դիակների կամուրջ»-ի Արևելքի և Արևմուտքի թրքության միջև:
Ծանոթ սյունեցու խորհրդապաշտ հոգուն՝ ես գիտեի, որ ձորերի մեջ, լեռների կատարներին, գրեթե ամեն մի քայլափոխում վեհորեն ցցված մեր լեռնաշխարհի հնամենի կոթողները՝ վկա մեր ցեղի անցյալ միության, դեռ չեն դադարել մեր ժողովրդի համար նվիրական լինելուց: Գիտեի, որ 18-րդ դարի մեր մեծ մեռելները դեռ շարունակում են ապրել Սյունիքում: Գիտեի և այն, որ կռվում առաջին տեղը բռնում է սիրտը, երկրորդ տեղը՝ ուղեղը, երրորդ տեղը՝ երկաթը, լավ տեխնիկան: Լավագույը և անհրաժեշտը, սակայն, եղել է և կմնա՛ ամեն կռվի մեջ անձնական խիզախությունը:
Ահա թե ինչու՛ ճիգ ու ջանք չխնայեցի ժողովրդի մեջ զարթնեցնելու և ջերմացնելու խիզախության և հայրենիքի պաշտամունքը:
ԵՎ ահա թե ինչպե՛ս մեր արյունալի և երկարատև կռիվների ամբողջ ընթացքում մեզ համար բարոյական կորովի անսպառ աղբյուր դարձան և՛ հինավուրց կոթողները, և՛ փառահեղ անցյալը, և՛ մեծ մեռելները:
Լուսանկարը՝ Սամվել Սևադայի