Բաց նամակ անհայրենիք տիկնոջը. Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
118 Views

Ամիսներ առաջ ֆեսյբուքում մի հրապարակում եղավ, որտեղ կոչ էր արվում չմոռանալ Արցախի ազատագրման մասին։ Նայում էի մեկնաբանությունները եւ հանկարծ ծանոթ, ՔՊ֊ամերձ, սահմանամերձ բնակավայրում ապրող մի ուսուցչուհու մեկնաբանությունը կարդացի, որտեղ մասնավորապես գրված էր․ «Ձե՞ր որդիներն են գնալու զոհվեն հանուն Արցախի, բավական է ուրիշների որդիներին զոհաբերեք հանուն Արցախի»։

Ես ճանաչում եմ այդ տիկնոջը եւ մեկնաբանության տակ գրեցի․ «Ինչպես չե՞ք ամաչում»։ Հետո որոշեցի գրել այս բաց նամակը։ Մինչ ես կհրապարակեի նամակը, նկատեցի, որ տիկինը ջնջել էր իր մեկնաբանությունը։ Հավանաբար ասածս իրոք ազդել էր եւ հուսով եմ իսկապես ամաչել էր։ Բայց հաշվի առնելով որ այս միտքը տարբեր կերպ, տարբեր ձեւերով շրջանառվում է, որոշեցի հրապարակել այն, բայց անանուն։

_______________________

Հարգելի տիկի՜ն,

Ֆեսյբուքյան գրառումներից մեկում հանդիպեցի քո մեկնաբանություններից մեկին, որի կողքով չկարողացա՛ անտարբեր անցնել, քանի որ ճանաչում եմ քեզ, որպես հայրանեկից, որպես սահմանամերձ բնակավայրում ապրող կին։

Դու, ապրելով թշնամու անիմջական նշանառության տակ, հանդգնել ես գրել թե․ «Ձե՞ր որդիներն են գնալու զոհվեն հանուն Արցախի, բավական է ուրիշների որդիներին զոհաբերեք հանուն Արցախի»:

Տեսնլով, որ այսօր հասարակության տարբեր շերտերի մոտ զարգանում է այս մտածողությունը, հենց ա՛յդ պատճառով էլ որոշեցի անդրադառնալ այս խնդրին բա՛ց խոսքով, որպեսզի վերջնականապես քո եւ քո նման մտածողները որոշեն, թե ո՜վ է իրենց Աստուածը եւ Աստուած ունեցողներն էլ մատնացույց անեն իրենց շրջապատի անաստուածներին։

Ապրել եւ գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել եւ մեռնել միայն այն բանի համար, որի համար արժե ապրել։ Այսպե՜ս է բանաձեւում Նժդեհը։

Օ՜հ, տիկին, հիրավի անհաղորդ ես այս խոսքերի վեհությանն ու իմաստությանը, քանի որ չկա՛ եւ չի՛ կարող լինել քո համար արժեք, որի համար քո կյանքը կտաս, որովհետեւ քո մոռթին քեզ համար ամենաթանկն է այս աշխարհում։

Չէ՞ որ բոլորին է հայտնի, որ վեհանձնությունը սկսվում եւ ավարտվում է հայրենիքի հանդեպ սիրուց, հանուն այդ հայրենիքի ապրելուց եւ անհրաժեշտության դեպքում սեփական կյանքը հանուն այդ հայրենիքի զոհասեղանին դնելուց։

Կե՜ղծ են ձեր բոլոր մտատանջությունները, երբ դու խոսում ես հայրենիքի սիրուց, քանի որ դու ատում ես այն տեսակին, ում համար սրբություն է հայրենիքը։

Ով իր կյանքը դնում է հանուն հայրենիքի զոհասեղանին։ Ում համար հայրենիքը միայն իր տունը չէ։

Դու հանդգնել ես դատապարտել Արցախի ազատագրման մասին միտքը, վաղն այդ նույն հանդգնությամբ էլ քո գյուղացիներին կոչ ես անելու լքել իրենց հազարմյա ծննդավայրը, քանի որ քո համար անիմաստ է հանուն հայրենիքի զոհաբերությունը։

Անհրաժեշտության դեպքում դու կո՛չ ես անելու, որ ընկնի Խնածախը, Շուռնուխը, եթե դու դրա դիմաց ստանաս քո տան, այգու ապահովության երաշխիքը։

Սա՛ է քո տեսակը եւ դրա համար էլ դու ամբողջ հոգով ատում ես հայրենատերին, հոգեպես դավաճանում հայ զինվորին, ով պաշտպանում է իր հայրենիքը, նաեւ քո գյուղի սահմանը եւ այդ թվում նաեւ քեզ ու քո նմաններին, ովքեր որդի նման կռծում են հայրենասիրության պտուղը, այն մարդկային վեհագույն արժեքը, հանուն որի կա այսօր Հայաստան։

Մի՞թե դու կարծում ես, թե 1918 թվականին քո նմաններն են պահել Սարդարապատը։ Վստա՛հ եմ, որ քո նմաններն այդ օրերին կոչ են արել չզոհվել հանուն Էջմիածնի։

Իսկ ինչ ես կարծում, մի՞թե քո նմաններն են պահել քո ծննդավայրը, կոչ անելով Նժդեհին չպայրքարել հանուն Սյունիքի եւ գնալ իր ծննդավայր Նախիջեւանում կռվել։

Բայց ես կարող եմ ասել, որ քո նմաններն են պատճառը, որ Արցախը մնաց սովետական Ադրբեջանի կազմում, քանի որ նրանց էլիտան գերադասեց չկռվել եւ մնալ Սովետական Ադրբեջանի տիրապետության տակ։

Այո՛, հենց քո այդ խոսքով, դու ապականեցիր այն բոլոր անձերի հիշատակը, ովքեր հայրենատիրության խանդավառանքով ապրել եւ գործել են հանուն իրենց սրբագույն հայրենիքի, հանուն Արցախի, Սյունիքի, Էջմիածնի եւ անհրաժեշտության դեպքում նահատակվել, հանուն հայի հարատեւության։

Դու ատու՛մ ես այդ տեսակը։

Դու զզվում ես այդ տեսակից։

Հայրենիքը մարդիկ կորցնում են ֆիզիկապես եւ հոգեպես։

Հոգեպես կորցնել հայրենիքը, նշանակում է այլեւս չերազել նրա մաիսն, չտենչալ դրա գոյությանը, ծաղկմանը եւ վերականգմանը։

Դու սպանում ե՛ս մարդկանց մեջ հոգեւոր հայրենիքը։

Սա՛ ես դու եւ բոլոր նրանք, ովքեր քո պես են մտածում։

Թուրքի յաթաղանը կախված է Գորիսի գլխին եւ ամեն րոպե այն կարող է իջնել մեր վրա։

Ի՞նչ ես կարծում, տիկի՜ն, մի՞թե քո տեսակը պիտի կանգնի այդ յաթաղանի դիմաց, ով վատաբանում է հանուն հայրենիքի նահատակությունը, թե՞ Արցախի դրոշն իրենց ծոցագրպանում դրած վրիժառուն, որ պիտի հառնի իր հսկա կեցվածքով այդ յաթաղանի դեմ եւ վռնդի թշնամուն՝ պաշտպանելով իր հայրենիքը, իր մայրերին, քույրերին, երեխաներին, իր եկեղեցին, իր գերեզմանները, իր երգը, պարը եւ նույն խանդավառությամբ հետ բերի հազարամյա Արցախը։

Ուրեմն թող պապանձվեն քո նմանների լեզուները, քանի դեռ կա եւ կլինի հայրենատերի տեսակը մեր աշխարհում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել