18-րդ դարի Սյունիքի ապստամբության հերոս ՄԵԼԻՔ ԲԱՐԽՈՒԴԱՐԻ կյանքն ու գործունեությունն ըստ Երվանդ Լալայանի։
1890-ակաների վերջերին ազգագրագետ Երվանդ Լալայանն ուսումնասիրություններ է կատարել Զանգեզուրում և դրանք 1898թ. հրատարակել ,, Ազգագրական հանդեսում,, Ըստ նրա հավաքած տեղեկությունների Մելիք Բարխուդարյան տոհմի նախահայր Մելիք-Բարխուդար 1-ինը գաղթել է Լոռուց Զանգեզուրի ,նախ ,Կոռնաձոր և ապա՝ Տեղ գուղ: Բայց, քանի որ Տեղն ամրոց չի ունեցել` ուստի և տեղափոխվել է Խնձորեսկ, միանգամից իշխելով ինչպէս Տեղի, Խնձորեսկի` այնպես և շրջակա գյուղերի վրա։
Մելիք-Բարխուդարը 1722-1728թթ. Դավիթ բեկի զինակիցն է եղել։1737 թ. կառուցել է Տեղ գյուղի Ս. Գևորգ եկեղեցու արևմտյան հատվածը և որպես հայոց երբեմնի հզոր նախարարական համակարգի բեկոր կառավարել Հաբանդ գավառի արևելյան տարածաշրջանը:Սյունաց ազատամարտի ավարտից հետո Սյունիքի նկատմամբ հավակնություններ են ցուցաբերում Նախիջևանի խաները , ինչը կարող էր իրականանալ միայն տեղական զինուժի եւ ըմբոստ իշխանների ոչնչացման դեպքում, որի համար խաներն առիթ էին որոնում։ Մելիք Բարխուդարը որպես քաջակորով մարդ իր լեռնցի քաջերի գլուխն անցած շատ անգամ է հալածել Նախիջևանի խանի ասպատակ զինվորներին:
1748թ. Նախիջևանի խանը երեք հոգու ուղարկում է Տեղ գյուղ՝ գինի բերելու, իհարկե առանց վարձատրության: Մելիք-Բարխուդարը բռնում ու սպանում է դրանց և կառավարում որպես ինքնիշխան Շահ Բարխուդար, ով ոչ մի խանի չի ուզում հարկ տալ:
Նախիջևանի խանը զայրանալով զորք է ուղարկում, պատվիրելով կենդանի բերել անձնավստահ մելիքին:
Կռիվն սկսում է Սատու-դալի մոտ ու տևում է վեց օր: Վերջին օրը մելիքի վառոդն ու գնդակը վերջանում են: Այդ ժամանակ մելիքի զինվորներից քելբաջարցի մի թուրք հայտնում է մելիքին, թուրքերեն լեզվով, թէ «վառոդը» վերջացել է, այդ բառի փոխարեն «սուավող» սևահող խոսքը գործածելով, որպեսզի խանի զինվորները չհասկանան: Սակայն մեկը հասկանում է և հայտնում իրենց մեծավորին։Եւ սա, որ հոգնած ուզում էր դադար տալ` կրկին հարձակվում է մելիքի վրայ։
Կռիվը նորից է թեժանում , և մելիքը ստիպված է լինում սրով կռվել:
Կարճ միջոցում մելիքի բոլոր զինվորները ընկնում են, մնում են միայն Մելիք Բարխուդարը և եղբայրը` Ղարա բեյը: Սրանք հերոսաբար շարունակում են կռվել, սակայն շուտով վիրավորվում է Ղարա բեյի ձին: Մելիք Բարխուդարը եղբորն առնում է իր ձիու գավակը և շարունակում կռվել: Շուտով վրա է հասնում մութ գիշերը և կռիվը դադարում է: Մյուս օրը, վաղ, խանի զինվորները կրկին հարձակվում են մելիք-Բարխուդարի վրա, ով Ղարա-բեյին գավակն առած` սկսում է թուր խաղացնել: Սակայն գնդակը վայր է գլորում և նրա ձին: Երկու քաջերը կռվելուց ուժասպառ անձնատուր են լինում ու նստելով երկու քարի վրայ, որ մինչև այժմ էլ «Մելիք-Բարխուդարի քարեր» են կոչվում` և առաջարկում թուրքերին վերցնել մելիքական սուրն ու նրանով կտրել իրենց գլուխները, պատճառաբանելով թե իրենք այնպիսի հմայություն ունեն, որ ուրիշ սուր չի կարող իրենց պարանոցը կտրել։ Այնինչ նրանց ցանկությունն անօրենի սրով չընկնել էր։ Թուրքերը հավատում են, վերցնում են մելիքական սուրը և կտրում երկուսի պարանոցներն ու գլուխներն առած` վերադառնում Նախիջևան: Երբ գլուխները ներկայացնում են խանին` սա բարկանում է իր հրամանը չկատարելու համար, քանի որ մելիքը խանին ողջ էր պետք ու հրամայում ` գլխատել նրանց:
Մի քանի օրից հայերը խանից խնդրում են մելիքի և Ղարա բեյի գլուխները և ստանալով` Ղարա-բեյի գլուխը տանում թաղում են Երևանի Ս. Հռիփսիմեանց եկեղեցում, մելիք Բարխուդարինը` Ս. Էջմիածնում: Իսկ մարմինները խնձորեսկցիները տանում են Խնձորեսկ և թաղումտեղի անապատում։
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՀԸ ՆՈւՅՆՔԱՆ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ Է,ՈՐՔԱՆ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔԸ…………..