ԳՊՀ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Փետրվարի 12-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքային խմբի հանդիպումը, որի նպատակն էր քննարկել համալսարանի զարգացման նպատակները, խնդիրները, գործողություններն ու գնահատման առանցքային ցուցիչները և լսել խմբի անդամների դիտարկումներն ու առաջարկները ծրագրի վերջնական տարբերակի պատրաստման համար։
Աշխատանքային խմբում ընդգրկված են ինչպես ԳՊՀ դասախոսներ, վարչական կազմի, ուսանողական կառույցների ներկայացուցիչներ, այնպես էլ արտաքին շահակիցներ՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցից, Արդշինբանկ ՓԲԸ-ից, «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ից, «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ից:
ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը ողջունեց աշխատանքային խմբի անդամներին՝ ընդգծելով ռազմավարական ծրագրի շարունակական քննարկումների կարևորությունը և դրա ներկայացումը ներքին ու արտաքին շահակիցների շրջանում:
ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը աշխատանքային խմբի անդամներին ներկայացրեց համալսարանի պրոֆեսորադասախոսական, վարչական, ուսումնաօժանդակ կազմերից, ուսանողական կառույցներից, գործատուներից ստացված դիտարկումները և առաջարկները:
Մշակման աշխատանքային խմբի կողմից նախապես ձևավորված դրույթներն այս անգամ քննարկվեցին ստացված դիտարկումների շրջանակում՝ յուրաքանչյուր նպատակ, խնդիր, գործողություն և գնահատման առանցքային ցուցիչ վերանայելով, խորքային վերլուծության ենթարկելով և դրանց բարելավման ուղղությամբ առաջարկներ մշակելով։ Ստացված դիտարկումները և առաջարկները, որոնք ուղղված են եղել փաստաթղթի բարելավմանը, հաշվի կառնվեն ռազմավարական ծրագրի վերջնականացման գործընթացում:
Ընդհանուր առմամբ՝ առցանց հարթակի միջոցով ծրագրի վերաբերյալ դիրքորոշում կամ առաջարկ ստացվել է 134 անձանցից: