224 զոհված տղերք ու աղջկերք. Վառած սարի պատմությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Այս գագաթի իսկական անունը չգիտեմ։ 3 տարի առաջ այս օրերին բոլորն այն «Վառած սար» էին կոչում։ Սկզբից հարձակվողներն էին քրքրել, հետո մերոնք էին գրադով արդուկում, որ վրան ամրանալ չստացվի։ Սև-սև էր։ Երկնքի կապույտն էլ՝ տասնապատիկ թանձր, ու Վառած սարի սևը «սևի քառակուսի» էր այդ ֆոնին՝ բնության մեջ գոյություն չունեցող, միայն տեսականորեն հնարավոր ինչ-որ գույն՝ ֆիզիկայի խնդիրների շտեմարանից։

Երբ քամի չէր լինում, Կեչուտի ջրամբարի շուրջն էլ էր սևի այդ քառակուսուց դառնում, որովհետև հանդարտված ջուրը երկնքի թանձր կապույտն արտացոլում էր էլ ավելի թանձրացրած։ Սևի այդ քառակուսու մեջ մխրճված ու չպայթած հրթիռները տեղացիների համար նույնպես բնության մեջ գոյություն չունեցող, տեսականորեն իսկ անհնար ինչ-որ բան էին։

Բարեկեցիկ թիկունքը չուզելով, չհավատալով, ընդդիմանալով սահմանամերձ գոտու ինքնագիտակցություն էր ձեռք բերում։

Երեք տարի անց Վառած սարը եկածների առաջապահ հենակետն է՝ Վայոց Ձորի մարզում նրանց ձևավորած պլացդարմի հանգույցներից մեկը։ Երեք տարի ու մեկ օր առաջ այդտեղ հիմա նստածները հեռու էին սարից 6,65 կմ դեպի արևելք իսկ դեպի հյուսիս՝ 8,67:

Երևանի մասշտաբներով, ասենք, Հրապարակից Փարաքար։

Այս օրերին Կապանից Վարդենիս՝ ներառյալ այս սարը, 224 մարդ զոհվեց՝ տղերք ու աղջկերք։

Բանակում հաճախ ասում են, ու ռազմական գիտությունն էլ է դա պնդում, որ եթե նույնիսկ սխալվել ես, վերադաս հրամանատարդ իր միջոցներով ու ռեզերվներով պետք է որ կարողանա սխալդ ուղղել։ Համենայնդեպս սխալիդ հավանականությունը ու դրան արձագանքելու սխեմաները ի սկզբանե հաշվարկների մեջ են։

Եթե վերադասդ է սխալվել, մեջտեղիցդ ճվղես էլ, սխալը տեսականորեն իսկ ուղղել չես կարող։

20 թվականից՝ 5, 22 թվականի այս օրերից՝ 3 և 2023 թվականից երկու տարի անց՝ այսօր էլ, կարծես, մեր սխալները վերադաս չունեցող հարթության վրա են, որտեղ ձևակերպվում են պատերազմների խնդիրներն ու նպատակները, հաղթանակի ու պարտության չափորոշիչները, գծվում է խաղաղության ու պատերազմի սահմանը, և սահմանվում է տարբերությունը, ասենք, Ջրականի, Քարվաճառի, Հադրութի, վառած այս սարի, Փարաքարի ու Հրապարակի միջև։

Այդ սխալների համար պատժողը վերադասը չէ, որովհետև չկա վերադաս, այլ հակառակորդը, ով սթափ է ու ոչ մի տարբերություն Ջրականի, Ստեփանակերտի, այս սարի ու ձեր տան միջև չի նկատում, որովհետև այդպիսի տարբերություն չկա։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել