Վերիշենում ջրային ենթակառուցվածքների արդիականացման կարևորագույն աշխատանքներն ընթացքի մեջ են:
Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում՝ ԵՄ R2D Սյունիք ծրագրի աջակցությամբ և Գորիսի համայնքապետարանի ջանքերով, իրականացվում է ջրային ենթակառուցվածքների արդիականացման մասշտաբային ծրագիր։ Այն հանդիսանում է Գորիս-Խոզնավար ճանապարհահատվածի հիմնանորոգման ավելի լայնածավալ նախագծի բաղկացուցիչ մասը։ Ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, իսկ ջրամատակարարման և ջրահեռացման ժամանակակից համակարգերը կառուցվում են համայնքի կողմից՝ գործընկերների աջակցությամբ։
Ծրագրի շրջանակներում Վերիշեն բնակավայրով անցնող ճանապարհահատվածի տակ կառուցվում են ջրահեռացման և ջրամատակարարման ամբողջովին նոր համակարգեր։ Սա կարևորագույն ներդրում է համայնքի կայուն զարգացման գործում՝ լուծելով տարիներ շարունակ առկա խնդիրներն ու բարելավելով բնակիչների կենսապայմանները։
R2D Սյունիք ծրագիրը Գորիս համայնքին տրամադրել է 24,774,000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ անհրաժեշտ դիտահորեր և ջրահեռացման խողովակներ, իսկ համայնքն իրականացնում է կառուցման աշխատանքները։
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։