1574 տարի առաջ այս ժամերին արդեն ընթանում էր այն մեծ ճակատամարտը, որը տևելու էր օրվա ողջ լուսավոր ժամը և ավարտվելու էր արդեն մթնով՝ հսկայական հետք թողնելով հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության վրա…
Իմ կյանքի ընթացքում ես շատ եմ խոսել Ավարայրի ճակատամարտի մասին և կխոսեմ այդ մասին մինչև վերջին շունչս: Ստորև, սակայն, առաջարկում եմ մեկ ամբողջության մեջ դիտել անցած տարի առանձին մասերի տեսքով ստեղծած վիդեոնյութերս, իսկ մինչ այդ էլ՝ ուշադրություն դարձնել այս բախտորոշ ճակատամարտի հետ կապված երեք կարևորագույն հանգամանքների վրա.
1. Ավարայրը բացառիկ էր ամենից առաջ իր գաղափարական բովանդակությամբ: Հայերը կռիվ էին տալիս ոչ միայն հայ, այլև ԱԶԱՏ ՀԱՅ ՄԱՐԴ ՄՆԱԼՈՒ համար: Ավարայրի գաղափարախոսությունն արտահայտող մեր նախնիները, ամբողջ հազար տարի առաջ անցնելով եվրոպական Վերածննդից, այդ պայքարի հիմքում դրել էին ոգու, դավանանքի և խղճի ազատության գաղափարները, երբ արքան, ինչպես պնդում էին մեր նախնիները, կարող է տիրական համարվել մարդու մարմնին, սակայն մարդու խղճի ու դավանանքի վրա վերջինս ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ: Այս հիմնաթեզը, որը Եվրոպայում վերջնականապես ամրագրվեց միայն 1648 թ-ին, մերոնք Ավարայրում առաջ էին մղում լուսավորյալ Եվրոպայց դեռևս հազար տարի առաջ,
2. Մինչև 1800 թվականը մարդկության պատմության 50 խոշորագույն ճակատամարտերի ցանկում, որտեղ երկու կողմերի ուժեը միասին կազմում են 300.000 ռազմիկ և ավելին, մեր Ավարայրը զբաղեցնում է պատվավոր 42-րդ տեղը,
3. Վարդան Քաջ Մամիկոնյանը մարդկության պատմության այն բացառիկ զորավարներից մեկն է, որը.
– մասնակցել է 42 ճակատամարտի,
– առաջին զորավարն է, որ պատերազմել է հանուն քրիստոնեության,
– ունի առնվազն 2 հաղթանակ Սասանյան բանակի նկատմամբ,
– իր ակտիվում ունի մի ճակատամարտ, որը, հաշված մինչև 1800 թ-ը, մտնում է մարդկության խոշորագույն 50 ճակատամարտերի մեջ,
– իր ակտիվում ունի ամենախոշոր ճակատամարտերից 2-րդը, որին երբևէ մասնակցել է Սասանյանների բանակը,
– և այլն:
Մեր Ավարայրը չի վերջացել, ԱՅՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԱՅՍՕՐ:
Շնորհավոր Ավարայրի ճակատամարտի օրը – թող մեր ազգը ծաղկի ու բազմանա, իսկ պետությունն էլ՝ ուժեղանա: