Գորիսյան հաճելի հանդիպումների շարքը համալրվեց ևս մեկով։ Վաղուց էի երազում այցելել Գորիսի համայնքային (քաղաքային) պատկերասրահ։ Այսօր կատարվեց երազանքս։ Մեզ դիմավորեց պատկերասրահի տնօրեն, հայ գեղանկարիչ, քանդակագործ (մյուս կոչումները չեմ թվարկում) Ժիրայր Մարտիրոսյանը։ Ժիրայրին վաղուց եմ ճանաչում, հիանում նրա` ինձ հոգեհարազատ արվեստով։
Պատկերասրահի առաջին հարկում ցուցադրված են նկարիչ, Գորիսի վավերագիր Գուրոսի (ԳուրգենՊարոնյանի) մի շարք լուսանկարներ։ Իսկ երկրորդ հարկում հայ գեղանկարիչների կտավներ են` ծանոթ ու անծանոթ, բոլորը` բարձրաճաշակ, գունեղ, աչք շոյող։
Հանդիպման ավարտին հրաշալի նվեր ստացա Ժիրայր Մարտիրոսյանից. Գորիսի հայտնի ժայռերը պատկերող գեղանկար։ Դժվար է բառերով արտահայտել զգացածս։ Այն միշտ ինձ հետ կլինի և կհիշեցնի իմ հայրենի քաղաքում անցկացրած օրերը և ստացած տպավորությունները։
Այցելե’ք Գորիսի քաղաքային պատկերասրահ։ Համոզված եմ` գոհ կհեռանաք։
09.09. 2025