«Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակիր խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»,- ասել է Մարտիրոս Սարյանը:
Ժամանակակիցների հիշողությունից չեն ջնջվել 1970 թ. կրակոցները Մինասի արվեստանոցի լուսամուտներին։ Կրակել էին շինարարական մեծ մեխերով, որոնք, բարեբախտաբար, չէին վնասել նկարները։
Հիշում են 1972 թ. հունվարի 2-ին նրա արվեստանոցում բռնկված հրդեհը, որին ճարակ դարձան Մինասի 100-ից ավելի գեղանկարներ։ Լավագույններն էին` ընտրված անհատական մեծ ցուցահանդեսի համար։ Բարեբախտաբար, «Ջաջուռ» ,«Իմ ծնողները» կտավները մոսկովյան ցուցահանդեսում էին եւ պահպանվեցին։
Ասում են՝ այդ օրերին նրա տան դուռը կրնկի վրա բաց էր` սգատան նման; Մարդիկ գալիս էին « ցավակցում» գնում․․․․
Ընկերները՝ նկարիչներ եւ ոչ միայն, շտապեցին Մինասի մոտ։
Պատմում են, որ Մարտիրոս Սարյանն, այդ ժամանակ` մահվան մահճում, բռնել է Մինասի ձեռքը, իմաստուն հայացքն ուղղել նրան եւ հայրաբար հորդորել․ «Միակ փրկությունը օր ու գիշեր աշխատելն է»։
Վարպետին ծանոթ էր այդ հոգեվիճակը, չէ՞որ ժամանակին իր նկարներն էլ այդ բախտին էին արժանացել։ Վարպետը կիսում էր Մինասի վիշտը եւ ոգեւորում նրան՝ աշխատելու։ Հրեշավոր հրդեհից հետո Սարյանը Մինասին վրձիններ ու ներկեր ուղարկեց եւ մաղթեց նոր խիզախումներ։ Դեպքից հինգ ամիս անց` 1972 թ. մայիսին, Վարպետը՝ Մարտիրոս Սարյանը, ընդմիշտ հեռացավ մեզնից։
Իրոք, Մինասը չընկճվեց եւ շարունակեց աշխատել…
Նկարում՝ Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան․․․