Շուռնուխում էի․․․
Ու դեռ էնտեղ եմ մտքով ու սրտով ((
Ասում են <<լավ է 1 անգամ տեսնել, քան 10 անգամ լսել>>, ճիշտ են ասում:
Շատ ենք լսել, որ Շուռնուխում, Ներքին Խնձորեսկում, Ներքին Հանդում և մնացած սահմանամերձ գյուղերում թշնամին մի քանի մետրի վրա է: Լսում ենք, զարմանում, մտովի պատկերացնում, բայց իրականում ո՛չ պատկերացնում ենք և ո՛չ էլ զգում, դա տեսնել է պետք: Տեսնում ես թուրքին այն տեղերում դիրքավորված-տնավորված, որտեղով 100 անգամ անցել-գնացել ես՝ ազատ թռչնի նման: Տեսնում ես դրոշները տնկած շուռնուխցիների տների տանիքներին, եկել մխրճվել են մեր սրտի մեջ, մտել մեր տները, բարձրացել մեր սարերը: Եկել մտել են առանց կռվելու, որովհետև նվիրել ենք այն, ինչ չեն տալիս արյան գնով անգամ: Բայց մենք տվել ենք ու հետ ենք քաշվել, ու անընդհատ հետ ենք քաշվում, իսկ քոչվոր-թուրքը ձեռքերը թափահարելով գալիս ու տնկվում է մեր տների մեջ, մեր աչքի առաջ, զենքը պահում է մեզ վրա, ասում է տե՛ս հաա գլուխդ կթռցնեմ, ինչ ուզեմ՝ տալիս ես:
Զգացմունքային բաներ եմ գրում, գիտեմ, բայց այսօր Շուռնուխում ամբողջ ներաշխարհս խառնվեց: Շուռնուխցի մի կնոջ հետ կանգնած էինք ճամփեզրին, հարցրի որտե՞ղ են, ասաց․ <<հեն են>>: <<Հեն են>> այսինքն պատկերացրեք դուրս եք գալիս ձեր տնից, մի 10-20 քայլ ու դրանք են: Եկել են, սիուն, կոկիկ շուռնուխցիների 13 տներում ապրում են թուրք զինվորականները՝ մինչև ականջները զինված: Իսկ պոստերը սարի գլխին են:
Շուռնուխցի կինը ասաց․ կուզե՞ս գնանք իմ տունը քեզ ցույց տամ, որ իրենք են էնտեղ, ես էլ եմ կարոտել ասաց, քանի օր է << չեմ նայում տանս>>․․․ արցունքները սկսեցին խեղդել կոկորդս․ Իր սեփական հողում, սեփական ձեռքերով կառուցած տանը նայում էր մի քանի մետրից ու չէր կարող մոտենալ: Սա մարդկային մեծագույն դժբախտության և անազատության ստորացուցիչ վիճակ է, որում միայն սահմանամերձ գյուղաբնակները չեն, դա բոլորիս վիճակն է այսօր:
Ասաց․ կարողա՞ վախում ես, ասացի չէ, գանցինք, ես էլ եմ ուզում տեսնել: Ես սկզբում իհարկե մի փոքր վախենում էի, ինչքան իջնում էինք, այնքան վախս մեծանում էր, բայց մի միտք էր ինձ առաջ մղում․ այս մարդիկ այստեղ ապրում են, աշխատում, քնում գիշերները, երեխաները դպրոց, մանկապարտեզ են գնում, խաղում դրսում՝ թշնամուց բառացիորեն մի քանի մետրի վրա:
Հասանք․․․
<<Հեսա տոնս>> ասաց, ուղիղ մեր դիմաց, փշալարեր էին քաշված, մեծ սիրուն սեփական տուն էր, կնոջ աչքերը փայլում էին, իմը լցվում, ինձ թվում էր պիտի լաց լինի, բայց չէ, փորձում էի հասկանալ ինչ է զգում, համակերպվել է արդյո՞ք այն մտքին, որ կորցրել է, թե հոգու խորքում հույս ունի, որ դեռ կմոտենա, կմտնի իր տունը և նորից կապրի, նորից տերը կլինի իր տան, իր հողի: Չգիտեմ․․․
Կանգնած նայում էինք լուռ, կարծես նայում էինք մեզ գաղտնի հետևող թշնամու ուղիղ աչքերին: Պատմությունը կարծես անցնում էր աչքերիս առաջ, ինչպես են Դավիթ Բեկը, Նժդեհը, հետո 90-ականներին մեր հերոս տղաները մաքրել այս անարատ հողը գող-բարբարոսներից, մաքրել են իրենց կյանքի գնով, թեկուզ փոքրաթիվ ուժերով, բայց մեծ պայքարի ու կամքի գնով: Ու մենք 30 տարի ապրենք ենք մի տեսակ չգիտակցելով այդ գինը, մի տեսակ չգնահատելով այդ գինը և ազատությունը, որ ունեինք և էլ չունենք: Ինչպե՞ս կարող էինք այդչափ անզգոն ու անգիտակից լինել:
Մտքերս և զգացումներս խառնվել էին, ականջումս Նժդեհի բառերն են, իսկ մենք նորից նույն <<կոտրած տաշտակի>> առաջ ենք, մեր հին՝ անազատ, անորոշ վիճակի մեջ՝ ավելի անապահով ու խոցելի:
Բարձրացանք լուռ: Վերևում բարձր քարի վրա մեծ խաչ էր դրված, ուզում էի ծնկի իջնել ակամայից, բայց ամաչեցի, միայն սկսեցի աղոթել, որ այս կինը նորից տերը լինի իր տան, հողի, որովհետև այս կինը՝ մենք ենք: Խնդրում էի Աստծուն, որ իմ աչքերը տեսնեն այս կնոջ վերադարձը իր տուն և թուրքին՝ այստեղից շա՛տ հեռու:
Ու ես հասկացա, որ սահմանին մեր երազանքները փոխվում են, ավելի հեռու՝ քաղաքում, Գորիսում, Երևանում և այլուր, մենք կտրվում ենք իրականությունից և մեր նպատակներն ու ցանկությունները այլ են, ավելի նյութական, ավելի աշխարհիկ, և միայն անձնական, զուտ անձնական են մեր երազանքներն ու նպատակները: Ես հասկացա, որ մեզ չեն սովորեցնում ընդհանուր նպատակ ունենալ, իսկ հատկապես հայի համար դա առաջնային պետք է լինի, մենք վեր պետք է կանգնենք անձնականից, որովհետև միշտ կա մեզ ոչնչացնող և մեր ունեցածը գողանալ ցանկացող թուրքը: Ու ես հասկացա նաև, որ այս գյուղում և մնացած բոլոր գյուղերում ապրողները անզեն զինվորներ են, մեզ համար վահան են իրենք, ու եթե չմնան ու չապրեն իրենց տներում, թուրքը մետր չէ, կմ-երով է առաջ գալու, որովհետև կագնեցնող չկա, ու արդեն մենք ենք լինելու իրենց փոխարեն:
Ես ինձ այնտեղ անզոր ու միաժամանակ շատ ուժեղ զգացի, չգիտեմ ինչպես է դա լինում, բայց այդպես է: Դու վախենում ես, բայց հենց այդ վախը քեզ ուժեղ է դարձնում, դու ուղիղ նայում ես վախերիդ: Փորձում էի հասկանալ այդ զգացումիս պատճառը և այնտեղ ապրողներին: Ինչպե՞ս են այդ մարդիկ մի քանի քայլ զինված թուրքերի կողքին քնում գիշերները, մի պահ միայն պատկերացրեք ձեզ այդ վիճակում՝ մանկահասակ երեխաների հետ, ինչպես, այդ ի՞նչ ուժ է նրանց ոգեպնդում:
… Հողի
Քեզ պատկանող հողի, հայրենի հողի, պապերիդ հողի, արյուններով կնքված հողի, 1000-ամյակներով քոնը լինող հողի, Աստծուց քեզ պատասխանատվություն տրված հողի, Հայ հողի ուժն է, որ պահում է քեզ կառչած իրեն, անգամ մինչև ականջները զինված թշնամուց մետրերի վրա՝ վախերիդ դեմ հանդիման: Դու գիտես, որ դա քոնն է, իսկ նրանք՝ ոչ, ինչքան էլ ասում են, սովորեցնում հավատացնում, իրենք հո զգում են: Նրանք հողը չեն զգում ոտքերի տակ, հողն էլ իրենց է ճնշում, և թեկուզ 100-ներով զինված, մեզնից շատ, միևնույն է, իրենք միայնակ են, հողը մեր կողմից է, մերն է՝ մենք իրենը: Մնում է նորից վերագտնենք այստեղից նրանց դուրս շպրտելու՝ մաքրելու պայքարը մեր մեջ, միանանք, ընդհանուր նպատակ ունենանք: Հայ հողը դրան է սպասում:
Ես հավատում եմ և պատմությունն էլ շատ անգամ մեզ ապացուցել է, որ քանակի և անգամ սպառազինության մեջ չէ հաղթելու գրավականը, այլ թե ում է ուզում հողն ու Աստված: Պայքարի ոգի, կամք և անզնազոհություն է պետք:
Հակառակ դեպքում մենք՝ Գորիսում, Երևանում թե այլուր կհայտնվենք Շուռնուխի կարգավիճակում՝ վաղը կամ հետո, ընտրությունը մերն է․․․
Եվ վերջում, գոնե մեկ անգամ յուրաքանչյուրդ ձեզ մոտ գտնվող սահմանամերձ մի գյուղ գնացեք, որտեղ թշնամուն կտեսնեք մի քանի մետրի վրա, գնացեք, զգացեք մի ժամով այն, ինչ նրանց համար ամենօրյա ապրելակերպ է, ընդամենը մեկ ժամ և ձեր մեջ կարթնանան նույն զգացումներն ու մտորումները, ինչ իմ:
Հայտնի <<Ինչու՞ է աղմկում գետը>> ֆիլմի հերոսի պես կզգաք ձեզ, բայց հիմա պատկերն ավելի քան վախենալու է, գետի փոխարեն մի քանի քայլ ձեզ կբաժանի թշնամուց և հայրենի տներից ու հողից, որ գողացել են քեզնից, և դեռ էլի են ուզում, էլի ու էլի․․․ մինչև վերջին հայը կմնա <<և այն էլ թանգարանում>>, իսկ դու քնած ես հա՛յ․․․
Արթնացի՛ր․․․