Որովհետև էս հողը տեր ունի. Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ոչ մեկի համար գաղտնիք չէ Սյունիքի շուրջ կատարվող իրադարձությունները։

Մենք լսում ենք տարբեր լուրեր միջազգային հարթակներում եւ անորոշ վիճակ է տիրում, նամանավանդ գործող իշխանությունների վարած անատամ քաղաքականությունն իր հերթին անվստահություն է հաղորդում։ Բայց մի կողմ թողնենք ներքին քաղաքական երանգները։

Սյունիքի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է աշխարհի շատ հզոր կենտրոնների կողմից։

Բայց ամենակարեւոր գործոնը էստեղ ապրող ժողովուրդն է։

Լիքը կենտրոններ երեւի շուտվանից համարակալել են ստեղ ապրող մարդկանց՝ «կոշիկի համարներով հանդերձ»։

Ի՞նչ կարող է անել էստեղ ապրող ժողովուրդը։

Առաջին հերթին պետք է բարձրացնել ժողովուրդի դիմադրողականությունը, որն իր մեջ ունի թե՛ տնտեսական, թե՛ կրթական եւ թե՛ անվտանգային բաղադրիչներ։

Պետությունն ինչ որ աշխատանքներ կատարում է, բայց դա շատ քիչ է։

Էստեղ պիտի լինի համընդհանուր մոբիլիզացիա, որը պիտի միավորի նաեւ դրսում ապրող մեր հայրենակիցներին։

Ցանկացած մեծ հաջողության հասած մարդ պիտի գիտակցի, որ էդ լավ գեները, որ կա իր մեջ, նաեւ շնորհիվ իր արմատների են։ Այսինքն մարդը պիտի գիտակցի, որ պատասխանատվություն ունի իր երակներով հոսող արյան տերերի հանդեպ, որ փոխանցել են դա իրեն։ Եթե որեւէ տեղ որեւէ սյունեցի ապահով է իրեն զգում, նա պիտի հասկանա, որ նույն ապահովության կարիքն ունի նաեւ իր հայրենակիցը, որն ապրում է Խնածախում կամ Շուռնուխում։

Քանի տարի է ՈՄԱ Գորիսի մասին խոսում ենք։ Դրսից ստաբիլ միայն մի աջակից ունեինք, միջին կարողությունների տեր մի երիտասարդ գործարար։ Ու ինքն էլ գորիսեցի չէր։ Իսկի Սյունիքից էլ չէր։ Նա ՈՄԱ Գորիսին գումար էր փոխանցում, առանց նույնիսկ ճանաչելու մեզ։

Չգիտեմ մենք ենք վատ տեղեկացնում էս ամենի կարեւորության մասին,մեր մասին, թե մարդիկ են անտարբեր, ընկած կյանքի հորձանուտի, հոգսերի մեջ՝ մոռանալով երբեմն նայել դեպի իրենց հայրենիքը, բնօրրանը։

Ազնվության համար նաեւ պիտի ասեմ, որ իմ շատ ընկերներ էլ կանգնած են մեր կողքին տարբեր ծրագրերի կատարման հարցում։ Ընդ որում նրանցից քչերն են գորիսեցի կամ սյունեցի։ Բայց դե էստեղ կարեւորը մենք չենք, կապ չունի ում հետ է մարդը աշխատում, բայց յուրաքանչյուր կարողանակ սյունեցի, պիտի փորձի ինչ որ կերպ ներգրաված լինել էստեղի անցուդարձին։

Անվճար հրաձգարան ենք պահում քաղաքում։ Անցած տարի հազարից ավել անգամ եկել կրակել են։ Բայց էս տարի եթե չկարողանանք վերականգնել ֆինանսական հոսքերը, էս ծրագրի շարունակականությունը հարցականի տակ կլինի։ Օրինակ էս ծրագրի համար ամսեկան մինիմում 250,000 դրամ է պետք, որն իր մեջ ներառում է մեր մեքենայի սպասարկումը, վառելիքի ծախսը, հրաձգարանում թեթեւ կահավորումներ իրականացումը եւ պատասխանատու անձի աշխատավարձը։

Անվճար միջին մասնագիտական կրթություն տվող կենտրոն ունենք՝ Բաղակաց Կրթական կենտրոնը։ Էս ձմռանը «կոմունալները» զոռով ենք փակում։ Բայց քաղաքում բոլորն էլ արդեն նկատում են մեր դպրոցի ուսանողներին, նույնիսկ եթե չեն ավարտում դպրոցը։

Դպրոցներում առաջին օգնության դասընթացներն անըդհատ պիտի լինեն։ Ունենք եւ կան մասնագետներ, ովքեր պատրաստ են դա հրաշալի ձեւով անել, բայց չկան միջոցներ, դրանք կազմակերպելու համար։

Հնարավոր է, որ ձանձրացնում եմ շատերին երբեմն ֆինանսեր խնդրելով տարբեր նախաձեռնությունների համար։ Բայց ճար չունեմ, ես միլիոնատեր լինեի, ոչ մեկին էլ չէի դիմի։

Մեկ մեկ ձանձրանում եմ մեծ֊մեծ խոսացողներից։

Ո՞ւմ է պետք ձեր խառնվելն իրար թնդանոթն օդ կրակելուց հետո։

Ու սա հուսահատական գրառում չէ։ Մենք սոված էլ լինենք, շարունակելու ենք անել էս գործերը։

Որովհետեւ գիտենք, որ հայրենիքը տիրություն անելով են պահում, հողը պիտի ջրես, որ բերք տա, ոչ թե մենակ վերցնես, վերցնես, վերցնես ու թողնես գնաս։

Որովհետւե էս հողը տեր ունի։

Եվ փառք Աստծոյ, քիչ չեն տերերը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել