Շախմատի հուշամրցաշար՝ նվիրված Ժորա Սարգսյանի ծննդյան 100-ամյակին
Օգոստոսի 16, ժամը 10:00
Գորիսի Ա․ Օրդյանի անվան շախմատի տուն
Խաղակարգ՝ շվեյցարական, 9 տուր, Ֆիշերի ժամանակակարգով՝ 5 րոպե + 3 վայրկյան
Մասնակցության պայմաններ․
մրցաշարին կարող են մասնակցել նվազագույնը 3-րդ կարգ ունեցող շախմատիստները։ Աղջիկները կարող են մասնակցել նվազագույնը 4-րդ կարգի առկայության դեպքում, իսկ 18 տարեկանից բարձր մասնակիցները՝ առանց կարգային սահմանափակման։
Մրցանակային ֆոնդ
I տեղ 35 000֏
II տեղ 30 000֏
III տեղ 25 000֏
IV տեղ 20 000֏
Մինչև 18 տարեկան լավագույն 20 000֏
Մինչև 12 տարեկան լավագույն 10 000֏
Լավագույն աղջիկ 10 000֏
Լավագույն վետերան 10 000֏
Լավագույն սիրողական 10 000֏
Ժորա Սարգսյանի անվան հատուկ մրցանակ 30 000֏
Ժորա Սարգսյանի անվան մրցանակը կտրվի մրցաշարի լավագույն արդյունքը ցույց տված քարահունջեցի շախմատիստին։
Լավագույն սիրողական մրցանակը կտրվի մինչև 2-րդ կարգ ունեցող լավագույն արդյունք ցույց տված շախմատիստին։
Գլխավոր մրցավար՝ Վարդան Քարամյան
Գրանցման համար զանգահարել կամ գրել (Viber)՝ 099 86 07 99
Գրանցման վերջնաժամկետ` 14 օգոստոսի, ժ. 18.00
Ժորա Սրապիոնի Սարգսյանի մասին
Ժորա Սարգսյանը շախմատի մեծ նվիրյալ էր, ում շնորհիվ Քարահունջում շախմատը դարձավ ապրող ավանդույթ։ Կյանքի վերջին տասնամյակները նա նվիրեց հայրենի գյուղում շախմատիստների մի ամբողջ սերունդ կերտելուն, իսկ շախմատային արվեստի հանդեպ սերը փոխանցեց իր ընտանիքին՝ զավակից մինչև ծոռ։
1960-ականներից նա մասնակցում էր Գորիսում անցկացվող շախմատի առաջնություններին, իսկ 1969 թ․ դարձավ տարածաշրջանի չեմպիոն։ Հաղթանակները նրան ուղեկցեցին նաև քարահունջյան ավանդական ամենամյա մրցաշարերում։
Գորիս–Կապան երթուղու վարորդ աշխատելու տարիներին նրան հաճախ կարելի էր տեսնել Գորիսի բուլվարում՝ մինչև աշխատանքի մեկնելը շախմատասերների հետ խաղալիս։ Իր վաստակի զգալի մասը նա ներդնում էր շախմատային գրքեր ձեռք բերելու մեջ՝ դրանց ուսումնասիրությանը տրամադրելով ամեն ազատ րոպե։ Այդ գրքերն առ այսօր ընտանեկան հարուստ շախմատային գրադարանի մասն են։
Ժորա Սարգսյանը ծնվել է 1926 թ․ սեպտեմբերի 2-ին Գորիսի տարածաշրջանի Քարահունջ գյուղում։ 1941 թ․ ավարտել է գյուղի ութամյա դպրոցը, 1944 թ․ զորակոչվել խորհրդային բանակ, իսկ ծառայությունն ավարտելով՝ 1951 թ․ վերադարձել է հայրենի գյուղ։
Հենց զինվորական ծառայության տարիներին էլ ծառայակից ընկերների հետ սկսեց հաճախ շախմատ խաղալ, սովորեց նաև հարմոն նվագել․ երաժշտությունն ու շախմատը դարձան նրա ընտանիքի կարևորագույն նախասիրությունները։
Այս տարի Ժորա Սարգսյանը կդառնար 100 տարեկան։ Սույն մրցաշարը, որն ամենամյա դառնալու նպատակ ունի, հարգանքի տուրք է նրա հիշատակին և միաժամանակ խթան՝ հայրենի բնօրրանում շախմատը որպես ապրող արվեստ պահելու ճանապարհին։
Մրցաշարի գլխավոր կազմակերպիչները Ժորա Սարգսյանի ժառանգներն են։
Մրցաշարի կայացմանն օժանդակում են Գորիսի համայնքապետարանը եւ Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան։