Նեպալի ողբերգությունից այն կողմ․ ինչպես է կլիմայի փոփոխությունը քայքայում աշխարհի «ջրային աշտարակները»

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Երեկ Նեպալում տեղի ունեցած ողբերգության մասին։

Արբանյակային նկարները ցույց են տալիս, որ սառցադաշտի հսկայական հատվածը պոկվել է մոտ 5200 մետր բարձրությունից և մոտ 1200 մետր ուղղահայաց իջել մինչև հովիտ**, իսկ այնտեղ իր ճանապարհին բառացիորեն սրբել է ամեն ինչ։

Լեռները գործում են որպես ջրային աշտարակներ։

Ձմռանը դրանք ջուրը կուտակում են պինդ վիճակում՝ ձյան և սառույցի տեսքով, իսկ ամռանը դանդաղ հալեցնում ու ջուր են տալիս գետերին՝ հենց այն ժամանակ, երբ տեղումների քանակը սովորաբար ամենաքիչն է։

Գլոբալ տաքացումը աստիճանաբար քայքայում է այս «ջրային աշտարակը»։ Եվ այս գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել երեք տարբեր փուլերի։

#Առաջին փուլը՝ ջրհեղեղներն են։

Տաք օդը կարող է ավելի շատ խոնավություն պահել։ Իսկ դա նշանակում է, որ երբ անձրև է գալիս, այն կարող է լինել շատ ավելի ինտենսիվ։

Երբ սառցադաշտը սկսում է հալվել, ջուրը կուտակվում է սառցադաշտամերձ լճերում։ Դրանք հաճախ պահվում են **մորենային պատնեշներով**՝ սառցադաշտի թողած քարերի, մանրախիճի, հողի և սառույցի կուտակումներով։

Այդպիսի բնական «ամբարտակները» ամուր չեն։

Բավական է փոքր երկրաշարժ, սողանք կամ պարզապես լճի գերլցում, և ջուրը կարող է ճեղքել պատնեշը՝ հսկայական քանակությամբ ջուր, ցեխ ու քարեր նետելով հովիտ։

Հիմալայներում կան հազարավոր նման սառցադաշտամերձ լճեր, և դրանց թիվը շարունակում է աճել սառցադաշտերի հալման հետևանքով։

#Երկրորդ փուլը՝ «ջրի գագաթնակետն» է։

Քանի դեռ սառցադաշտերն ակտիվորեն հալվում են, գետերը կարող են ավելի ջրառատ դառնալ։

Բայց սառցադաշտը հավերժ չէ։

Մի օր այն փոքրանում է այնքան, որ այլևս չի կարող նախկին քանակով ջուր մատակարարել։

Սա կոչվում է «peak water»՝ ջրի գագաթնակետ․ այն պահը, երբ սառցադաշտից ստացվող ջրի հոսքը հասնում է առավելագույնին, իսկ դրանից հետո սկսում է նվազել։

Գլացիոլոգներ Հուսը և Հոկը 2018 թվականին ցույց էին տվել, որ աշխարհի բազմաթիվ լեռնային շրջաններում սառցադաշտային ջրահոսքի գագաթնակետը կամ արդեն անցել է, կամ մոտենում է։

Ալպերում այն, ամենայն հավանականությամբ, արդեն անցել է։

Հիմալայների տարբեր հատվածներում իրավիճակը տարբեր է․ որոշ ավազաններ մոտենում են այդ փուլին, իսկ մյուսներում գործընթացը դեռ շարունակվում է։

#Իսկ հետո գալիս է երրորդ փուլը՝ ջրի պակասը։

Սառցադաշտը փոքրացել է կամ այլևս չկա։

Ձյան ծածկը նույնպես դառնում է ավելի անկայուն․ ձմռանը այն վայրերում, որտեղ նախկինում ձյուն էր տեղում, ավելի հաճախ կարող է անձրև գալ։

Ձյունը կուտակվում է և հետագայում դանդաղ հալվելով ջուր է տալիս գետերին։

Իսկ անձրևը պարզապես անմիջապես հոսում է ներքև։

Արդյունքում գարնանը գետերում կարող է շատ ջուր լինել, իսկ ամռանն ու աշնանը՝ շատ քիչ։ Պարզապես այլևս բավարար ձյուն ու սառույց չկա, որ հալվի և սնուցի գետերը։

Դրա հետևանքով գյուղատնտեսությունը, որը դարեր շարունակ ամռանը ոռոգվել է լեռնային գետերի ջրով, կարող է հայտնվել ամենակարևոր ամիսներին ջրի պակասի առաջ։

Լեռնային շրջանները տաքանում են հատկապես արագ։ Հինդուկուշ–Հիմալայան տարածաշրջանում որոշ ժամանակահատվածներում տաքացման տեմպը մոտ երկու անգամ գերազանցել է գլոբալ միջինը։

Պատճառներից մեկը հայտնի Ալբեդոյի էֆեկտն է։

Սպիտակ ձյունն ու սառույցը արևի ճառագայթների մեծ մասը հետ են անդրադարձնում, իսկ մուգ ժայռերն ու հողը կլանում են այդ էներգիան։

Որքան քիչ է ձյունը, այնքան ավելի շատ արևային էներգիա է կլանում լեռը, և այնքան արագ է այն տաքանում։

Գանգեսը, Ինդոսը, Յանցզին, Մեկոնգը, Ամուդարյան և բազմաթիվ այլ գետեր մտնում են այն հսկայական ջրային համակարգի մեջ, որի վրա կախված է միլիարդավոր մարդկանց ջրամատակարարումը։

Հինդուկուշ–Հիմալայան լեռներից կախված ջրային համակարգերից օգտվում է մոտ երկու միլիարդ մարդ։

Եվ այստեղ ամենասարսափելին միայն այսօրվա աղետները չեն։

Խնդիրն այն է, որ մենք աստիճանաբար կորցնում ենք այն բնական համակարգը, որը հազարավոր տարիներ ձմռանը ջուր էր պահում սառույցի ու ձյան տեսքով և ամռանը՝ ճիշտ պահին, դանդաղ վերադարձնում գետերին։

Լեռները պարզապես քարեր ու սառույց չեն։

Դրանք մոլորակի բնական ջրամբարներն են։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել