Նավասարդ՝ Հայ ժողովրդի ծննդյան վկայականը
4518 տարի առաջ օգոստոսի 11-ին տեղի ունեցած Հայոց ձորի ճակատամարտով դրվեց Հայ ժողովրդի ու հայկական պետականության հիմքը՝ իր բնիկ հայրենիքում։
Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ Ք.ա. 2492 թվականին Բաբելոնի արքա Բել Նեմրովթը մեծաքանակ զորք է հավաքում և շարժվում հյուսիս չհնազանդվող Հայկի դեմ։ Հայկը ևս հավաքում է իր զինակիցներին և շարժվում է Բելին դիմագրավելու։ Վանա լճի մոտ Հայկը իր ռազմիկներին ասում է․
«… կամ մեռնենք, և մեր աղխը (ընտանիքը) Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի, և մենք հաղթություն տանենք» ։
Օգոստոսի 11-ին տեղի ունեցավ Հայոց Ձորի հերոսամարտը։ Տիտանյան Բելի դեմ Հայկ Նահապետի և հայոց զորքի փայլուն հաղթանակով փաստացի սկզբնավորվեց հայ ժողովրդի պատմությունը։ Այս հերոսամարտը կնիքվեց մեր պատմության մեջ որպես հայ ժողովրդի հաղթական և ազատատենչ ոգու վառ ապացույց և խորհրդանիշ։ Ճակատամարտից հետո, ի նշան հաղթանակի, Հայկը հրամայել է սահմանել նոր տոմար, որի սկիզբը հենց այդ հաղթանակի օրն է։
Հայերիս մեջ այդ օրը՝ օգոստոսի 11-ը, կոչվել է Նավասարդ, այսինքն Նոր տարի, և այդ տոնը մեր նախնիները նշել են մեծ հանդիսավորությամբ տոնախմբություններով ու մարզական խաղերով։
Նավասարդ անունը կազմված է երկու բառից՝ նավա-նոր և սարդ-տարի, այսինքն՝ Նոր տարի։
Նոր տարին սկսվում էր Նավասարդի մեկից և տևում մեկ շաբաթ։
Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Պատմական Հայաստանում Նոր տարին կրում էր համաժողովրդական բնույթ։
Ճանաչենք, հիշենք և պահպանենք մեր ազգային ավանդույթները։