Իրանի դեմ սանձազերծած պատերազմի պատճառով մեր միջգիտակարգային ուսումնասիրության (համահեղինակ՝ Hasmik Maghakyan-Galstyan) ամբողջական հրապարակումը ուշացավ։ Վերջապես այն լույս տեսավ Religious Inquiries հեղինակավոր հանդեսում (կարող եք հղել՝ Kumunts,M and Galstyan,H . (2026). THE EVIL SPIRIT KAJK’ IN THE CONTEXT OF LOWER ARMENIAN MYTHOLOGY. Religious Inquiries, 15(1), 43-60. doi: 10.22034/ri.2025.487816.2034)։
Հղումը՝ https://ri.urd.ac.ir/article_238005…։
Ահա հոդվածի Ամփոփումը՝
Ստորին առասպելաբանության հարցերին նվիրված գիտական աշխատանքները այդքան էլ շատ չեն, սակայն ժողովուրդների պատմության, մարդկության քաղաքակրթությունների և հնագույն շրջանի պատկերացումների մասին ուսումնասիրությունները միշտ էլ արդիական են։ Այստեղ ուսումնասիրել ենք հայկական առասպելաբանության մեջ գոյություն ունեցած չար ոգիների, նրանց տրված հատկանիշների, արարողակարգերի և անվանումների ծագման վերաբերող հարցեր։ Պատմական Հայաստանի տարբեր նահանգներում չար ոգիների նկատմամբ ունեցած նախապաշարումները և անվանումները տարբեր են եղել։ Այս հոդվածում խոսում ենք պատմական Հայաստանի Սյունիք և Ուտիք նահանգներում տարածված քաջքերի մասին, որոնց մասին պատկերացումները, նրանց շուրջ կատարվող ծեսերը, անվանումները մինչև օրս էլ հանդիպում են Սյունիքի և Տավուշի տարբեր բնակավայրերում։ Ժամանակագրական առումներով «քաջքերը» այստեղ գոյություն են ունեցել ամենավաղ շրջանից, և հավանական է, որ Հայկական լեռնաշխարհ այս հավատալիքները մուտք են գործել որպես հնդեվրոպական մշակույթի ժառանգություն (մոտավորապես Ք․ ա․ 4-րդ հազարամյակից), ապա տեղայնացվել ու դարձել զուտ հայկական նախաքրիստոնեական առասպելաբանական, կրոնական երևույթ։ Այդ են վկայում քաջք, եղնակ և այլ անվանումների հետ կապված հնդեվրոպական և բուն հայկական լեզվական տարրերի առկայությունը, դաշտային աշխատանքի ընթացքում հավաքված և ուսումնասիրված ազգագրական, բանահյուսական բազմաթիվ նյութեր, ինչպես՝ քաջքերից առաջացած հիվանդություններ, դրանց բուժման ժողովրդական մեթոդներ, չար ոգիներից պաշտպանվելու միջոցներ, չար ոգիների՝ աշխարհում գոյություն ունենալու, ապրելու հետ կապված հավատալիքներ և փիլիսոփայական ըմբռնումներ։ Աշխատանքը կատարված է լեզվաբանական և ազգագրական նյութերի համակցմամբ։
Բանալի բառեր՝ առասպելաբանություն, ստորին առասպելաբանություն, չար ոգի, հիվանդություն, հավատալիք, ստուգաբանություն։