ՄԵՐ ՍԻՐՈՒՆ ԳՈՐԻՍԸ ԵՎ ՛՛ԹՈԽՊԸ՛՛
Գորիսը բոլորին հայտնի է գեղեցիկ բնությամբ, քարե անտառներով, քարանձավային բնակավայրերով, կարմիր տանիքներ ու յուրահատուկ ճարտարապետություն ունեցող շինություններով, փողոցների շախմատաձև դասավորությամբ: Սակայն քչերը գիտեն, որ Գորիսը հայտնի է նաև իր ամպամած ու մառախլապատ օրերով: Երևանից Գորիս մեկնելիս իմ (և շատ-շատերի) առաջին մտահոգությունը մշտապես լինում է՝ պարզել, թե ինչ եղանակ է այնտեղ: Եվ քանի որ հաճախ են նման օրերը, գորիսեցիներն անգամ զվարճալի պատմություններ են հորինել ու դեռ շարունակում են հորինել:
Հիշում եմ լուսահոգի տատիս՝ Մարիամ Բակունցի պատմածը (իհարկե՝ գորիսյան քաղցրահունչ բարբառով):
Հարցնում են՝
– Ա’ թոխպը, շտե՞ղ ես քինում:
Պատասխանում է.
– Քինում եմ Կյորես՝ ժողովի, հալա մըն էրկու ամիս ընդեղ եմ:
(Այ ամպ, ո՞ւր ես գնում։ ֊Գնում եմ Գորիս՝ ժողովի, դեռ մի երկու ամիս էնտեղ եմ)։
Մի օր դասի ժամանակ առիթ ներկայացավ պատմելու այս պատմությունը: Ուսանողուհիներիցս մեկը, որ Գորիսից է, իր հերթին պատմեց այս մեկը.
Արևը նախատում է ամպին.
– Ա՛ թոխպը, շտեղ էլ փախչես, մը՜նա՝ քեզ փըռնի՛լու եմ Կյուրուսումը:
(Ա՜յ ամպ, ուր էլ փախչես, մեկ է՝ քեզ բռնելու եմ Գորիսում):
Ահա թե մի օր ինձ ինչ է պատմել ընկերուհիս՝ այս լուսանկարների հեղինակ Աիդա Հայրապետյանը։ Դրամատիկական թատրոնի խմբի հետ Սիսիանից պիտի վերադառնար Գորիս՝ նոր վարորդի հետ: Թանձր մառախուղ էր, վարորդը չգիտեր՝ ինչպես առաջ գնալ: Աիդան խորհուրդ է տալիս սպիտակ գիծը վերցնել ու գնալ: Թվում է՝ ամեն ինչ լավ է, բայց, արի ու տես՝ հենց հասնում են Գորիսի նախկին զանգերի մոտ, վարորդը կտրուկ արգելակում է մեքենան: Տիկին Աիդա,- ասում է նա,- գիծը պրծավ, հի՞նչ անեմ :
Ահա այսպիսին է իմ սիրուն Գորիսը: Ի՜նչ արած, չկա անթերի գեղեցկություն:
Իմ կողմից՝ այսքանը: Իսկ դուք գիտե՞ք գորիսյան ամպի կամ մառախուղի հետ կապված որևէ զվարճալի պատմություն: