Մերձավոր Արևելքի նոր ճարտարապետությունը. Չինաստանը մարտահրավեր է նետում ամերիկյան հեգեմոնիային

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Սի Ծինփինը Եգիպտոսում առաջարկում է Մերձավոր Արևելքի անվտանգության նոր ճարտարապետություն. Պեկինը մարտահրավեր է նետում ամերիկյան հեգեմոնիային

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Կահիրեում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Մերձավոր Արևելքի անվտանգային նոր ճարտարապետության կառուցման 4-կետանոց առաջարկ՝ հիմնված «ընդհանուր, համապարփակ, համագործակցային և կայուն» անվտանգության տեսլականի վրա: ԱՄՆ-Իրան շարունակվող պատերազմի և նավարկության խափանումների ֆոնին, Սին կոչ է արել տարածաշրջանի երկրներին լինել «իրենց ճակատագրի տերը» և մերժել արտաքին միջամտությունները:

Կողմերը պայմանավորվել են խորացնել անվտանգային և հակաահաբեկչական համագործակցությունը, համատեղ պաշտպանել ծովային առևտրային երթուղիները և ընդլայնել գործակցությունը կիսահաղորդիչների, տվյալների կենտրոնների ու կրիտիկական մետաղների ոլորտում՝ անցում կատարելով ազգային արժույթներով առևտրի: Այս քաղաքական մերձեցումն ամրապնդվում է ռազմական դաշտում. անցյալ ամիս Չինաստանն ու Եգիպտոսն անցկացրել են օդային մարտական վարժանքներ (չինական J-16 և ֆրանսիական Rafale կործանիչների մասնակցությամբ), իսկ չինական ներդրումները Սուեզի ջրանցքի տնտեսական գոտում գերազանցել են 4 միլիարդ դոլարը:

ՓԱԿԱԳԾՈՒՄ. { Աճող գերտերության (Չինաստան) կողմից անվտանգային այլընտրանքի և ինստիտուցիոնալ նոր բազայի առաջարկը դասական «հեգեմոնիկ տրանզիտի և ռազմավարական բալանսավորման» դրսևորում է:

Սի Ծինփինի 4-կետանոց առաջարկը պարզապես դիվանագիտական հռետորաբանություն չէ, այլ բացահայտ հայտ՝ փոխարինելու ԱՄՆ-ի կողմից տասնամյակներ շարունակ ապահովվող անվտանգային հովանոցը: Եթե Վաշինգտոնն առաջարկում է անվտանգություն՝ հիմնված ռազմաբազաների և պատժամիջոցների վրա, ապա Պեկինն առաջարկում է «տնտեսական խաղաղություն»՝ կառուցված լոգիստիկ և ենթակառուցվածքային փոխկապակցվածության վրա:

Ստանալով տարեկան 1.3 միլիարդ դոլարի ամերիկյան ռազմական օգնություն՝ Կահիրեն, այնուամենայնիվ, չինական կործանիչների մասնակցությամբ զորավարժություններ է անցկացնում և ինտեգրվում Պեկինի տեխնոլոգիական (կիսահաղորդիչներ) համակարգին: Սա Սիսիի կողմից դասական «ռազմավարական բալանսավորում» է. Կահիրեն հասկանում է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմում ցուցաբերում է խոցելիություն, ուստի ազգային անվտանգությունն ու Սուեզի ջրանցքի անխափանությունը ապահովագրում է չինական կապիտալով և դիվանագիտությամբ:

Չինաստանը ծայրահեղ կախված է Մերձավոր Արևելքի նավթից և Սուեզի տարանցումից: Ծովային երթուղիները «համատեղ պաշտպանելու» Պեկինի հայտարարությունը հուշում է, որ Չինաստանի ռազմածովային ուժերը (PLAN) պատրաստվում են ավելի մշտական և ուժային ներկայություն ապահովել Կարմիր ծովում և Միջերկրականում՝ չվստահելով այդ գործառույթը արևմտյան կոալիցիաներին (ինչպես օրինակ՝ ՆԱՏՕ-ի գեներալների ղեկավարած վերջին նախաձեռնություններն են):

Վաշինգտոնը չի հանդուրժի իր գլխավոր արաբական դաշնակցի կողմից չինական ռազմատեխնոլոգիական (հատկապես տվյալների կենտրոնների և կիսահաղորդիչների) ցանցին ինտեգրումը։ Որպես հակաքայլ, ԱՄՆ Կոնգրեսը կարող է կասեցնել Եգիպտոսին տրամադրվող ռազմական օգնությունը կամ կիրառել պատժամիջոցներ՝ Կահիրեին կանգնեցնելով տնտեսական ցնցումների վտանգի առաջ։

Որքան Չինաստանն անցում կատարի զուտ տնտեսական ներդրողի կարգավիճակից դեպի «անվտանգային ճարտարապետի» դերի, այնքան Մերձավոր Արևելքը կվերածվի ԱՄՆ-Չինաստան ուղիղ ասիմետրիկ բախման թատերաբեմի։ Սա տարածաշրջանի երկրներին կզրկի մանևրելու հնարավորությունից՝ ստիպելով անել զրոյական ընտրություն Պեկինի և Վաշինգտոնի միջև։ }

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել