Այսօր առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել Գորիսի ՄՌՈւ բաժնին՝ Գլխավոր մասնագետ Վահրամ Սարգսյանի գլխավորությամբ։
Քննության էի եկել, բայց միևնույն ժամանակ աչքի տակով հետևում էի նաև բաժնի աշխատանքի և սպասարկման որակին։ Պետք է անկեղծ ասեմ՝ տպավորված եմ։
Բաժնի մասնագետների կողմից՝ մակարդակով, գրագետ և հարգալից սպասարկում։ Իսկ բաժնի գլխավոր մասնագետ՝ Վահրամ Սարգսյանի համեստ, ժողովրդի կողքին լինելու և օգնելու պատրաստակամ կերպարը հատկապես դրական տպավորություն թողեց ինձ վրա։ Չկար ցուցամոլություն կամ պաշտոնական «պախոդկա»․ կար պարզ, մարդկային վերաբերմունք։
Առանձին ուզում եմ անդրադառնալ նաև քննություն ընդունող Վոլոդյա Հակոբյանին։
Մինչև քննությունը նրա մասին տարբեր բաներ էի լսել․ թե կոպիտ է, անքաղաքավարի է, բոլորին «կտրում» է։ Անկեղծ ասած՝ պատկերացնում էի բավականին անբարտավան կերպար և նույնիսկ շատ էի ուզում, որ հենց ինքն ընդուներ իմ քննությունը, որպեսզի սեփական աչքով տեսնեմ՝ իրականությունն ինչպիսին է։
Եկավ քննության օրը, և քննությունս ընդունեց հենց Վոլոդյա Հակոբյանը։
Ու պետք է ասեմ՝ հաճելիորեն զարմացած էի։ Իմ տեսածը պարկեշտ, հանգիստ, կամեցող և իր գործին լավ տիրապետող երիտասարդ էր։ Քննությունն անցավ հստակ կանոններով, հատուկ մշակված կարգով և առանց որևէ ավելորդ վերաբերմունքի։
Մարդը պարզապես իր գործն էր անում՝ օրենքի և սահմանված կարգի համաձայն։
Գուցե մեզ՝ քաղաքացիներիս համար երբեմն դժվար է ընդունել, որ այսօր ամեն ինչ պետք է լինի օրենքով, կարգուկանոնով և առանց «ծանոթ-բարեկամի» կամ նվեր ստանալու ակնկալիքի։ Բայց հենց այդպիսի համակարգն է, որ պետք է ձևավորվի։
Երբ քննություն հանձնողին չեն «կտրում» անձնական վերաբերմունքից, այլ գնահատում են իր իրական գիտելիքով ու վարելու կարողությամբ, դա արդեն արդար և առողջ համակարգի նշան է։
Շնորհակալություն Գորիսի ՄՌՈւ բաժնի ողջ անձնակազմին՝ աշխատանքի, վերաբերմունքի և մարդկային մոտեցման համար։
Ապրե՛ք ձեր աշխատանքի և վերաբերմունքի համար։
Թող այս մակարդակի սպասարկումն ու պատասխանատվությունը դառնան նորմ, ոչ թե բացառություն։