Հաշմանդամի սայլակով, ոչ այդքան տարեց` մոտ 60-65 տարեկան մի կին, Տաթևի վանքի մուտքի մոտից վեր նայելով՝ դեպի Մարիամ Աստվածածին եկեղեցին, որի պատշգամբում կանգնած դրոնս էի կառավարում, ձեռքով արեց` կանչելով իր մոտ:
Չճանաչեցի, բայց դրոնը իջացրի ու ես էլ իջա իր մոտ:
Մոտեցա իրեն, մի երիտասարդ տղա կար հետը, գուցե որդին էր, չգիտեմ:
Բարևեցի, բարևեցին…
Կինն ասում է`
– Անունս Անահիտ է` Նավասարդ ջան: Ես դեպի Տաթև ճանապարհվելուց, գիտեի` որ քեզ այսօր կտեսնեմ այստեղ:
Երբ Սյունիքի անուն եմ լսում, երբ Տաթևի անուն եմ լսում` միանգամից դու ես գալիս մտքիս:
Օրվա մեջ հազար անգամ մտնում եմ էջդ, տեսնեմ ինչ նոր բան ունես:
Տես ինչի վրա եմ նստած, բայց ես խոստանում եմ քեզ, հարսանիքիդ` (եթե իհարկե հրավիրես), վեր եմ կենալու այս անտերից ու պարեմ:
Մի գաղտնիք էլ բացեմ քեզ, ես եկեղեցիներ չէի գնում, երկար պատմություն է…
Քո Տաթևի և Սյունիքի լուսանկարները, դրանց ենթագրերը, քո բանաստեղծություններն ու գրառումները ինձ տարան եկեղեցի, մոտեցրեցին Աստծուն:
Շնորհակալ եմ որ կաս, ուրախ ու հպարտ եմ որ քո պես հայեր ունենք:
Չգիտեմ երբ ես ամուսնանալու, բայց, եթե հարսանիքիդ կանչես` կնոջդ ես կասեմ, եթե չկանչես, իմ անունից դու կասես իրեն, որ ամենաքիչը 7 երեխա ծնի: Այդ երեխաները կլինեն ոչ միայն ձերը, այլ նաև մեր բոլորինս, որովհետև նրանց հայրը դու ես, ու նրանք էլ անկասկած քեզ նման պիտի լինեն:
Ես ամաչեցի, նաև հուզվեցի մի քիչ, բառեր չգտա ասելու` պատասխանելու… ընդամենը կարողացա ասել` շնորհակալություն…
Շնորհակալությանս էլ պատասխանեց այսպես`
-Չէ, ինչի՞ս համար ես ինձ շնորհակալ, ես եմ քեզ շնորհակալ, թույլ տուր ճակատդ համբուրեմէլի:
Էլ ավելի հուզվեցի…
Ինքը նստած էր սայլակի վրա, երբ փորձեցի կռանալ` չթողեց:
Ասաց`
– Չէ, պետք չի դու կռանաս, ես այդքան էլ թույլ չեմ, ու կարող եմ ճակատդ պաչելու համար տեղս կանգնել:
Մի կերպ` ձեռքերով իրեն վեր հրեց` կանգնեց, համբուրեց….
Այստեղ արդեն աչքերս լցվեց…
Գրկեցի իրեն…
Աչքերս էլ ինքը սրբեց, ասելով`
– Սյունեցու աչքերը պիտի միշտ չոր լինի:
……..
Չգիտեմ՝ տիկին Անահիտ ջան, չգիտեմ թե Դուք ինձ ինչի համար եք էսքան սիրում, բայց էսօր ինձ Դուք մի բան հասկացրիք՝ որ գուցե ես էլ չգիտեմ, թե ինչքան բան կարող եդ տալ իմ արածները մարդկանց։
Պարտավոր եմ, պարտավոր եմ, պարտավոր եմ… Ու էսօրվա Ձեր, և Ձեզ պես շատերի խոսքերն ինձ` իմ հասցեին ուղղված, էլ ավելի են պարտավորեցնում ինձ: Եթե մի օր հանկարծ մտածեմ, որ արածս անիմաստ բաներ են, հիշելու եմ Ձեզ, Ձեր աչքերն ու ճակատիս թողած համբույրը։
Իսկ սյունեցու աչքերի մասին… չգիտեմ՝ պիտի չո՞ր լինեն, թե՞ չէ։ Բայց… թող երբեմն թրջվեն էլի, Անահիտ ջան։ Ես էլ եմ մարդ… ![]()