Օգոստոսի վերջերն էր։
Շոգ ցերեկն արդեն փոխվել էր զով երեկոյի։ Ի տարբերություն Երևանի կամ Ստեփանակերտի՝ շրջկենտրոն հանդիսացող Բերձոր քաղաքում երեկոները հանդարտ էին, ու մի տեսակ անբացատրելի միստիկ։
Ժամը յոթի մոտ էր, երբ կրթության բաժնից հայրս զանգ ստացավ։
– Գեղա՛մ, դպրոցի դասագրքերը հասան։
– Եկա, – պատասխանեց կրթության բաժնի տնտեսավար աշխատող հայրս ու պատրաստվեց գնալ վարչակազմ՝ գրքերն ընդունելու։
Թեև ծուլորեն, բայց չէի կարող չգնալ հորս օգնելու։
Բերձորի ու ողջ Քաշաթաղի դասագրքերը գալիս էին Երևանից։ Մի բեռնատար գիրք էր։
«Գիտելիքը ծանր հաճույք է», – անտեղի փիլիսոփայեցի ես ու երեք հոգով սկսեցինք բեռնաթափել գրքերի կապոցները։
Երկու ժամից դանդաղ ու լիարժեք մթության մեջ հորս հետ քայլում էինք տուն։
– Հոգնա՞ծ ես։
– Չէ, պա՛պ – խաբեցի ես։
– Նայի վերև, – առաջարկեց հայրս։
Ու մինչ ես զննում էի աստազարդ երկինքը, հայրս սկսեց երգել.
– Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա…
Մի քիչ լսեցի, ապա սկսեցի ձայնակցել՝ չգիտես ինչու վստահ լինելով, որ դասագրքերը, հանդարտ Բերձորն ու հորս հետ միասին աշխատելը դեպի ծիծաղախիտ Վան տանող միակ ուղին են։
Ու քայլում էինք հեր ու տղա իրական Հայաստանի ամենաիրական քաղաքում, իսկ հոգնածությունն էլ աննկատ փոխվում էր բավարարվածության։