Կապանի միջագային երաժշտական երկրորդ փառատոնը ևս պատմություն դարձավ:
Կապանցի հանդիսատեսը երկու շաբաթ վայելեց դասական երաժշտություն: Այն էլ համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների կատարմամբ: Ինչ արժեին միայն փառատոնի եզրափակիչ համերգին ելույթ ունեցած վիրտուոզ ջութակահարը Ռոբի Լակատոշի և ընկերների կատարումները:
Իսկը՝ երաժշտական պարգև: Իսկ զուտ մարդկային իմաստով եղան բազմաթիվ ծանոթություններ: Մարդիկ հաճույքով էին շփվում միմյանց հետ, լուսանկարվում որպես հիշատակ, լուսանկարում բարձրակարգ երաժիշտներին: Այդպիսի մեկն էլ ինքս եմ արել:

Լուսանկարում փառատոնի հիմնադիր և հմուտ կազմակերպիչ, թավջութակահար Սևակ Ավանեսյանն է, մեջտեղում՝ եվրոպական բազմաթիվ հեղինակավոր բեմեր նվաճած օպերային դիվա, սոպրանո Լիանա Ալեքսանյանը և միջազգային մի քանի մրցույթների մրցանակակիր, դաշնակահարուհի Աննա Սարկիսովան՝ միշտ կենսախինդ (լուսանկարը՝ վկա): Երկու շաբաթ մարդիկ աշխատանքից հետո շտապում էին Կապանի արվեստի քոլեջի Վ. Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճ, որ հարմար տեղ զբաղեցնեն ըմբոշխնելու դասական երաժշտություն:
Եվ, երբ փառատոնը ավարտվել է, և բոլոր աստվածային հնչյունները մարել, գոնե ճշմարիտ երաժշտասերն իրեն կողոպտված է զգում: Մնում է համբերությամբ զինվել և սպասել հաջորդ փառատոնին: Խորհրդանշանական է նաև, որ միչև այժմ փառատոնի հսկա ցուցապաստառը հանված չէ երգեհոնային դահլիճի պատից…