Մարտի 21-ից 31-ը Երևանում անց է կացվում Հայաստանի պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցում են Սյունիքի մարզի լավագույն պատանիները։
Նրանց մասնակցությանն իր ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ն, եւ պատանիներին տրամադրվել է օժանդակություն։ Մարզի պատվիրակության հետ եւս երկու մարզիչներ գործուղվել են Երեւան՝ մրցաշարի ընթացքում մեր մարզի պատանիներին աջակցելու նպատակով։
Արդյունքներն էլ չուշացան։ Մարտի 21-ին, Հայաստանի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնությունում, Հովիկ Դավթյանը մինչև 8 տարեկանների պայքարում գրավեց 5-րդ տեղը և իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը։
Նշենք, որ Սյունիքի մարզի լավագույն պատանիները ընտրվել են փետրվարի 27-ից մարտի 2-ը Սիսիանում տեղի ունեցած պատանիների 18-րդ առաջնությունից, որը հնարավոր էր դարձել կազմակերպել «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի աջակցությամբ։
«Կապանի Լեռնահարստացման Կոմբինատը» կարևորում է Սյունիքի մարզում սպորտի և մարմնակրթության զարգացումը։
Կրթությունը, առողջապահությունը, մշակույթը և համայնքային ենթակառուցվածքների զարգացումը ընկերության սոցիալական պատասխանատվության քաղաքականության հիմնական ուղղություններից են։ «Ավետիս» բարեգործական հիմնադրամի միջոցով ընկերությունը ֆինանսապես աջակցում է Սյունիքի մարզում այդ ոլորտներում իրականացվող ծրագրերին։