Սիսիանի Լոր գյուղում նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ հուզիչ ու խորհրդանշական միջոցառում՝ հին դպրոցի պատերին բացվեց պատմական ցուցանակ՝ հուշող, որ հենց այստեղ 1915–1916 ուսումնական տարում 16-ամյա Ակսել Բակունցը առաջին անգամ կանգնեց ուսուցչի ամբիոնի մոտ։
Այստեղ նա բացեց իր կյանքի առաջին դասարանը՝ սերունդ կրթելու հավատով ու լուսավոր հայացքով, իսկ հետագայում այդ տարիների լույսը դարձավ գրական հիշողության անբաժան մաս։
Բակունցը Լորում ոչ միայն ուսուցանում էր, այլև ճանաչում էր մարդկանց՝ լսում նրանց պատմությունները, ուսումնասիրում գյուղի կենցաղն ու բնությունը։ Հենց այդ միջավայրում ծնվեց նրա «Խոնարհ աղջիկը» պատմվածքը՝ նուրբ զգացմունքների ու հոգևոր մաքրության գեղարվեստական պատկերներով։
Միջոցառմանը ներկա էին Լորի բնակիչները, դպրոցի մանկավարժները` տնօրեն Լիանա Գրիգորյանի ուղեկցությամբ, համայնքի վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանը, Համո Սահյանի տուն-թանգարանի վարիչ Քնքուշ Հարությունյանը, ինչպես նաև հյուրեր։
Իր խոսքում Դավիթ Առուստամյանը ընդգծեց՝ Լորի դպրոցը համայնքի հոգևոր պատմության մաս է, և այն չպետք է կորչի․
«Դպրոցը, որտեղ դասավանդել է Բակունցը, խորհրդանիշ է ոչ միայն նրա ուսուցչական ուղու, այլև այն հավատքի, որով նա լուսավորում էր սերունդներին։ Այս պատերը հիշողություն են մեր համայնքի հոգու մասին»։
Ակսել Բակունցի տուն-թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը խոսեց Բակունցի մանկավարժական ու մարդասիրական կերպարի մասին՝ նշելով, որ այս փոքրիկ գյուղական դպրոցից սկսվեց նրա մեծ ուղին՝ դեպի գրականություն և ազգային ինքնագիտակցություն։
Գրականագետներ Արա Զարգարյանը և Թեհմինա Մարությանը խոսեցին Լորի շրջանի կրթական և մշակութային ժառանգության պահպանության կարևորության մասին՝ շեշտելով, որ Բակունցի հետ կապված յուրաքանչյուր մանրուք պետք է դառնա մշակութային հիշողության կենդանի մաս։
Բանաստեղծներ Լևոն Սահակյանը և Վարուժան Գալստյանը իրենց խոսքերում անդրադարձան դպրոցական տարիների բարոյական ուժին՝ որպես այն հիմքի, որի վրա ձևավորվում են գրական և մարդկային ճշմարիտ արժեքները։
Խոսեցին նաև դպրոցի մանկավարժները, ովքեր հուզմունքով պատմեցին Բակունցի դերի և դպրոցի պատմության մասին՝ նշելով, որ իրենց աշխատանքում նրանք միշտ զգացել են այդ ավանդի ներկայությունը։
Միջոցառման ընթացքում հնչեցին նաև մտահոգիչ դիտարկումներ․ նշվեց, որ Լորի հին դպրոցի պահպանությունն այսօր հրատապ խնդիր է, քանի որ շինությունը կիսավեր վիճակում է և կանգնած է անխուսափելի քայքայման առաջ։
Ավելին՝ ցավով արձանագրվեց նաև այն փաստը, որ գյուղը, որտեղ ուսուցիչ է աշխատել Ակսել Բակունցը, շուտով այլևս դպրոց չի ունենա։
Տասնամյակներով գործող նոր դպրոցը, որտեղ այժմ սովորում է ընդամենը 23 աշակերտ, նախատեսվում է փակել միավորման արդյունքում։
«Խորհրդանշական է ու ցավալի, որ հենց այն վայրում, որտեղ մեկ դար առաջ Բակունցը կրթության լույսն էր տարածում, շուտով կմարի այդ լույսը», — ասվեց ելույթներից մեկում։
Կազմակերպիչներ և նախաձեռնություն
Միջոցառումն իրականացվեց Ակսել Բակունցի տուն-թանգարանի, Սյունիքի գիտամշակութային զարգացման հիմնադրամի և «Կյորես» գիտամշակութային նախաձեռնության համատեղ ջանքերով։
Ցուցանակի բացումը դարձավ ոչ միայն հարգանքի տուրք Բակունցին և դպրոցի անցած ճանապարհին, այլև կոչ՝ միավորելու ուժերը լեգենդ դարձած դպրոցը հիմնավոր կործանումից փրկելու և վերականգնելու համար։
Սյունիքի գիտամշակութային զարգացման հիմնադրամ/Syunik SCD Foundation