Ինչու և ինչպես չմեռնել

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԻՆՉՈՒ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՉՄԵՌՆԵԼ

Իսկ դուք ի՞նչ հարց կտայիք մեռնող մարդուն. ես միայն այս հարցը կտայի լրագրողին՝ աշխատանքի վերցնելուց առաջ: Սա՝ տառապանքով ձեռք բերված փորձից:

Իսկ հիմա տառապանքի մասին. մամուլը գուժել էր մեծահամբավ Վահագն Հովնանյանի առողջական ծանրագույն վիճակի մասին.տան դուռը կրնկի վրա բաց էր. ամենուր բժիշկներ էին վազվզում. քիչ անց միացավ արհեստական շնչառությունը. ճնշումն ընկնում էր. կարճ ժամանակ անց մահճակալի մոտ խմբվեց երկրի մտավոր ընտրախավը և…հիվանդասենյակը լցվեց երգով:

Գեղեցիկ է մեռնում՝ ասաց նրանցից մեկը: Մյուսը թե՝ ապրեց փառահեղ ու իմաստուն մի կյանք. առանց թաշկինակի, հենց ձեռքերի մեջ փղձկացող երրորդը մի երկար ու անվերջանալի պատմություն էր սկսել մարդու վաղ մանկությունից և ընդհուպ հասել երիտասարդության մատույցները, երբ չորրորդը, հավանաբար սրա լացը կտրելու հույսով, մոտեցավ, գրկեց հիվանդի գլուխն ու շատ բարձր ձայնով հարցրեց՝ լավ կերևիս, կարծեմ այժմ ցավ չունիս: Ոչ, ամենևին, հրեշտակս՝ պատասխանեց մարդը: Ո՜հ, ադիկա շատ լավ է, որ առանց ցավի կմեռնիս: Չէ, չէ, մի վախնար, չեմ մեռնի՝ խուլ արտասանեց մարդը և սկսեց ամբողջ թոքերով երգել. ձա-խորդ օ-րե-րը ձըմ-ռան նը-ման կու-գան ու… հանկարծ ճնշումն ու սրտի ռիթմը երևակող էկրանը սևացավ: Մի՛, մի՛ անհանգստացեք՝ ծանր լռության խորքից լսվեց մարդու ձայնը՝ թագս ընկավ: Ի՞նչ…Աս թագը՝ ասաց նա ցույց տալով շնչառության սարքից դեպի գլուխը հոսող անոթների կույտը: Այ հիմա մոտեցիր և հարցեր տուր՝ բարձր հուշեցին մեջքիս հետևից: Ե՞ս, ինչո՞ւ…պետք չեն հարցեր՝ մի կերպ պատասխանեցի ես: Մարդը ժպտաց և նայելով ուղիղ աչքերիս ասաց՝ կուզե՞ս հետս զրուցել, զրուցե, կհիշեմ, անցյալ անգամն ալ ահագին գաղտնիքներ տվի քեզի:

Զրուցե՞մ, ի՛նչ զրուցեմ, այն էլ այս պահին, այսքան վկաների ներկայությամբ՝ սարսափով մտածում էի ես, բայց վրայիցս գնացող սառը ջուրն ուր որ է կծորար հատակին, եթե չհասցնեի մարդուն գոնե երկու հարց տալ, որ գոնե կարողանամ ճողոպրել սենյակից.

-Կուզե՞ք Ձեզ ձայնագրեմ, ասելիք ունե՞ք:

-Եթե դուն կուզես՝ ձայնագրե. դուն ինձի ասելիք ունի՞ս:

Լռություն. դե արի ու դուրս արի այս հարցերի տակից. մեկ էլ որտեղից որտեղ միտքս ծակեց Սարոյանը, թևավորվեցի մի պահ՝ տեսնես կարո՞ղ եմ նրա ասածն այստեղ խաղարկել. Սարոյանը հուշել էր, չէ՞. «մեռնող մարդուն ես չէի ասի՝ ոնց ես, ես նրան լավություն կանեի և կասեի՝ ինչու ես նման հիմարություն անում. գուցե դա ամենամեծ լավությունն է, որովհետև այդ մարդը կծիծաղի մեռնելուց առաջ».մտքինս սա էր, բայց ձևակերպվեց այսպես.

-Հիշո՞ւմ եք, Սարոյանն ասում էր…, ասում էր երգը չի կարող սուտ խոսել, ավելի լավ է երգենք, չէ՞:

-Այո, կըսեր երգն է հայոց պատմությունը: Կըսեր՝ իմ մեծ մայր Լուսնթագ Կարօղլանյանը ու զորավոր, վայրենի երգեր կերգեր: Երգերը եթե շատ երգվին, երբեք չեն մեռնիլ: Եկուր քեզի մի գաղտնիք ալ ասեմ. անհոգ, անհոգ մնա, ես հիմա չպիտի մեռնիմ…

Երկու օր անց մարդն իրեն բարձրացրել էր անկողնուց, դեն նետել գլխին ամրացված «թագը» և իր ամենասիրած թանապուրը ճաշակել ընտանեկան մեծ սեղանի շուրջ: Երրորդ օրը. ճաշին՝ քյաբաբ, իսկ ճաշից հետո՝ հաղթական ավարտով նարդի: Չորրորդ օրը մարդն առավոտ կանուխ արթնացել և գնացել էր աշխատանքի: Ահա պատմություն այն մասին, թե ինչու և ինչպես չպիտի մեռնել…

#ՇնաՎԱՐԴ-ը կարող եք ձեռք բերել ինձ անձնական նամակով՝ ուղարկելով Ձեր հասցեն ու հեռախոսահամարը;

Մենք կառաքենք

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել