Գորիս համայնքում լայնածավալ կապիտալ շինարարական աշխատանքներ են իրականացվում հինգ ուղղություններով, ինչը նպաստում է քաղաքի ամենօրյա կառուցմանն ու բարեկարգմանը։ Այս աշխատանքների շրջանակում հիմնանորոգվում են փողոցներ, բարեկարգվում մայթեր՝ բնակիչների համար ստեղծելով հարմարավետ միջավայր։ Հատկանշական է, որ Բակունցի փողոցը վերջին անգամ նորոգվել է 65 տարի առաջ, իսկ Չոփչուն ձոր թաղամասը երբևէ ասֆալտի ծածկույթ չի ունեցել և այժմ առաջին անգամ է ասֆալտապատվում։
Ծրագրերն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, որտեղ կառավարության ներդրումը կազմում է 55%, իսկ համայնքինը՝ 45%։ Համագործակցությունը թույլ է տալիս կյանքի կոչել մասշտաբային նախագծեր։
Կառավարության միջոցներով հիմնովին նորոգվում է նաև Վերշեն-Խոզնավար ռազմավարական նշանակության ճանապարհը։ Համայնքի կողմից վերակառուցվում են ճանապարհի ենթակառուցվածքները, ներառյալ՝ խմելու ջրագիծը, կոյուղու և ոռոգման ջրագծերը։ Այս աշխատանքները համայնքն իրականացնում է R2D ծրագրի աջակցությամբ։