Սիրելիներ,
Քիչ առաջ ավարտվեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդի 10-րդ համաժողովի (Բուսան, Հարավային Կորեա) առավոտյան ընդհանրական աղոթքի հավաքը: Համաժողովի պատվիրակներին, հյուրերին և ներկաներին (4000 հոգի) պատգամով դիմեց Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբության ուղենշային, առաջնորդող և հիմնադրույթային պատգամը ընդգրկում էր մի քանի կարևոր շերտեր, որոնցից մեկը՝ ընտանիքի վերաբերյալ, առանցքային նշանակություն ունի այսօրվա մեր իրականության մեջ՝ ընդգծելով Հայ Եկեղեցու մտածողությունն ու կեցվածքը: Ստորև Հայոց Հայրապետի հրաշալի և ամբողջական բանաձևումը.
“…Երրորդ արժեքը, որը սերտորեն կապված է բարոյականությանը և կրթությանը, ընտանիքի հիմնարար հաստատությունն է: Այսօր մենք անհանգստացած ենք ոչ միայն տեսնելով, որ ընտանիքը զրկված է հասարակական աջակցությունից, այլ նաև` որ աղավաղված է ընտանիքի գաղափարը: Աստվածաշնչյան ժառանգության և 2000 տարվա քրիստոնեական քաղաքակրթության ըմբռնումը շատ պարզ է: Կնոջ և տղամարդու միությունը, սերունդների փոխշաղկապվածությունը, որ ներառում է երեխաներին, ծնողներին և ավագ ծնողներին. այս է մարդկության ճշմարիտ տարբերակումը: Ընտանիքը խորն իմաստով իրականացնում է մեր այն հույսը, որ իրենց զանազանությամբ կարող են միանալ սիրո բեղմնավոր միությամբ:
Մեր հավատը ընտանիքը որպես «դպրոց» է հռչակում, որն ուսուցանում է մարդու ամբողջականության մասին: Կուզեինք ավելացնել նաև, որ այս ընկալումը համահունչ է տարբեր քաղաքակրթություններում և ավանդական կրոններում ընդունված պատկերացումներին:
Իհարկե, որպես քրիստոնյաներ, մենք բացառիկ դեր ունենք ընտանեկան կյանքի զորացման մեջ, քանզի դա մեզ դնում է Աստծո հետ երկխոսության խորը հարաբերության մեջ: Ի՞նչ է Սուրբ Ընտանիքը այն մարդու համար, ով երբեք ականատես չի եղել ավանդական ընտանիքին: Ինչպե՞ս մենք կհասկանանք Մանուկ-Հիսուսի հրաշքը, եթե երեխայի ծնունդը ավելի բեռ է համարվում, քան` օրհնության հույս: Ո՞րն է «Հայր մեր» աղոթքի իմաստը հասարակության մեջ, որտեղ հայրությունը արժեզրկվում է:
Զոհաբերության այս տեսակը, որը հաճախ ընտանեկան կյանքի մի մասն է, ամբողջապես համապատասխանում է քրիստոնեության կոչին` զոհաբերվել դիմացինի համար և հոգ տանել թույլերի մասին: Երբ ընտանիքը անկում է ապրում, Եկեղեցին նույնպես թուլանում է: Հետևաբար, մենք կենսական կարևոր դեր ունենք ուժեղ, բարի և սիրող ընտանիքներ ձևավորելու և պաշտպանելու գործում”:
Բուսանից
Սիրով և աղոթքով՝
+Բագրատ