Երկրորդ ծնունդ. երբ լույսը հաղթում է մթությանը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Բարի լույս, որդիս

Կեսգիշերը վաղուց անց էր: Սոնան հազիվ էր աչքը կպցրել, երբ գիշերվա անդորրը խախտեց հեռախոսի անսպասելի զանգը: Տագնապահար՝ ձեռքը մեկնեց հեռախոսին: Զանգողը որդուն բուժող բժիշկն էր. «Շտապ եկեք հիվանդանոց…»…

Սոնան այլևս չէր լսում բժշկին, նրա մտքերը որդու հետ էին: Որդին մարտադաշտում գլխի ծանր վնասվածք էր ստացել, վիրահատությունից հետո, սակայն, կոմայի մեջ էր ընկել և արդեն երկու ամիս էր` ինչ այդ վիճակում էր…

Կինը դժվարությամբ հաղթահարեց իրեն հանկարծակի համակած թուլությունը, արագ հագնվեց և արդեն հիվանդանոցի ճանապարհին էր…

Իր առանձնասենյակում բժիշկը Սոնային բացատրեց գիշերային զանգի պատճառը: Որդու կենսական ցուցանիշները կտրուկ վատթարացել էին և նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք՝ կանխելու անցանկալի զարգացումները: Բժիշկը նաև նշեց, որ հաճախ հարազատի ներկայությունը նպաստում է հիվանդի վիճակի բարելավմանը…

Հիվանդասենյակում քար լռություն էր, շնչառական սարքին միացված որդին անշարժ պառկած էր՝ անհաղորդ շրջապատին:

Սոնան նվաղած սիրտը «բռան մեջ առավ», հավաքեց բոլոր ուժերը, նստեց որդու մահճի մոտ, ձեռքերի մեջ առավ նրա դալուկ ձեռքը և մրմնջաց.

«Որդիս, դու լույս աշխարհ եկար լուսաբացին, լույսով և հույսով լցնելով սիրտս ու հոգիս: Քո դեմքին լայն ժպիտ կար, և երբ մեր հայացքները հանդիպեցին, դու ճանաչեցիր ինձ ու փոքրիկ թաթիկներով գրկեցիր վիզս…

Զավակս, դու անհայր մեծացար, հայրդ զոհվել էր պատերազմում, նա չէր տեսել քո ծնունդը: Ես փորձում էի ինչ-որ չափով փոխարինել նրան, աշխատում էի զօր ու գիշեր, որ առողջ ու երջանիկ զավակ մեծացնեմ…

Վաղ տարիքից դու անսպառ հարցեր ունեիր ինձ տալու, ավելի ուշ՝ քո անմեղ հարցերը փոխարինվեցին ավելի լուրջ հարցերով: Այդ ժամանակ էր, որ հասկացար, թե ինչու ուրիշ երեխաներին հայրիկներն են դպրոց տանում ու տուն բերում, իսկ քեզ՝ միայն ես…

Իմ հոգսերը թեթևացնելու համար դու հրաժարվեցիր բարձրագույն կրթություն ստանալուց և անցար աշխատանքի, իսկ երբ պատերազմ սկսվեց՝ կամավորագրվեցիր, պատճառաբանելով, որ հայրդ քո այդ քայլը անպայման կողջուներ…

Զավակս, դու իմ հենարանն ու ուժն ես եղել, իսկ հիմա, երբ քո օգնության կարիքն ավելի շատ ունեմ՝ քան երբևէ, դու լուռ ես ու անհաղորդ իմ խոսքին…»․․․

Արդեն մոտենում էր լուսաբացը: Սոնան լուռ լացում էր, դառը արցունքները խեղդվում էին նրա կոկորդում: Մի կաթիլ արցունք այտի վրայով գլորվելով ընկավ որդու ձեռքին և, ասես հրաշքով, որդու ձեռքը թեթևակի շարժվեց, նա աչքերը բացեց և ժպտաց մորը…

Պատահածից ցնցված՝ Սոնան շրջվեց խնամակալ բուժքրոջ կողմը, ով քնով էր անցել՝ գլուխն հենած աթոռի հենակին, հուզմունքից գրկեց նրան և ականջին շշնջաց․ «Որդիս կյանք վերադարձավ…»․․․

Անակնկալի եկած բուժքույրը միանգամից ոտքի ելավ, ասելով, «գնում եմ բժշկի հետևից», և դուրս վազեց սենյակից…

Որդուն մանրամասն զննելուց հետո բժիշկը դիմեց Սոնային,

-Հիվանդը դուրս է եկել կոմայից, սակայն լիակատար ապաքինման համար համբերություն և ժամանակ է պահանջվելու:

-Բժիշկ, որդիս այսօր երկրորդ անգամ ծնվեց, ապրել-չապրելու ճամփաբաժանին նա կյանքն ընտրեց: Մենք միասին կհաղթահարենք բոլոր դժվարությունները , իմ սերն ու գուրգուրանքը կօգնեն որդուս վերականգնել հավատն ու հույսը կյանքի նկատմամբ, և նա նորից լայն կժպտա կյանքին …

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել