Գորիսը հիշեց 44-օրյա պատերազմում ընկած հերոսներին
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Գորիսում անցկացվեց հիշատակի միջոցառում, որը նվիրված էր 2020 թվականի 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհվածների հիշատակին։
Միջոցառմանը մասնակցեցին զոհվածների ընտանիքների անդամներ, հարազատներ, Գորիս համայնքի ներկայացուցիչներ, ուսանողներ և բազմաթիվ քաղաքացիներ։ Ներկաները խոնարհումով հիշեցին հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին՝ ընդգծելով, որ նրանց սխրանքը հավերժ կմնա ժողովրդի հիշողության մեջ։
Միջոցառումը կայացավ երկրագիտական թանգարանին կից տարածքում, որտեղ պահվում են զոհվածների անձնական իրերը։
Հուզաշատ ելույթներով հանդես եկան Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները և Վահե Մելքումյան պարային դպրոցի սաները։
Օրվա ավարտին կազմակերպվեց մոմավառություն, որը խորհրդանշեց երախտագիտությունն ու հավերժ հիշատակը մեր հերոսների հանդեպ։