Գորիսը՝ Լևոն Լաճիկյանի «քաղաքային քնարերգության» մեջ
Գորիսը վաղուց իր առանձնահատուկ տեղն ունի անվանի արվեստաբան և գծանկարիչ Լևոն Լաճիկյանի ստեղծագործական աշխարհում։ Քաղաքի հին ու նոր դիմագիծը, փողոցները, տներն ու ճարտարապետական մանրամասները նրա գծանկարներում վերածվել են մի ինքնատիպ «քաղաքային քնարերգության»։Սեպտեմբերի 2-ին Գորիսի քաղաքային պատկերասրահում բացված համանուն անհատական ցուցահանդեսը ևս մեկ առիթ էր արվեստագետի՝ քաղաքին ունեցած տարիների ստեղծագործական կապվածության մասին խոսելու։
Լևոն Լաճիկյանի արվեստում քաղաքը պարզապես ճարտարապետական միջավայր չէ․ այն ունի իր հիշողությունը, տրամադրությունը, ներքին կյանքը։ Նրա քաղաքային գծանկարները վաղուց ճանաչելի են իրենց ինքնատիպ ձեռագրով, իսկ այդ ստեղծագործական աշխարհում առանձնահատուկ տեղ ունի #գորիսյան_շարքը։ Ծանոթ փողոցները, հին տները, կամարներն ու պատշգամբները, քաղաքի բնորոշ ճարտարապետական մանրամասները նրա գծի ներքո դառնում են Գորիսի գեղարվեստական դիմանկարի մաս՝ պահպանելով ոչ միայն քաղաքի տեսանելի կերպարը, այլև նրա անկրկնելի մթնոլորտն ու հիշողությունը։
Գորիսի հետ Լևոն Լաճիկյանի ստեղծագործական կապն ունի նաև իր #Բակունցյան_շերտը։ Արվեստագետը գծանկարել է Ակսել Բակունցի տուն-թանգարանը, և այդ աշխատանքը տարիներ շարունակ սիրված ու լայնորեն տարածված պատկերներից է։ Ակսել Բակունցի տուն-թանգարանում ցուցադրվում է նաև Լաճիկյանի՝ Բակունցին նվիրված ինքնատիպ սյուժետային գծանկարներից մեկը։
Գորիսյան այցի շրջանակում Լևոն Լաճիկյանի հետ հանդիպում ունեցավ «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի տնօրեն Թեհմինա Մարությանը, նրանք այցելեցին նաև Ակսել Բակունցի տուն-թանգարան։
Հանդիպումը առիթ դարձավ խոսելու Գորիսի մշակութային կերպարի, արվեստագետի գորիսյան ժառանգության, Բակունցին նվիրված աշխատանքների և հետագա համագործակցության մասին։
«Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամը Լևոն Լաճիկյանին հանձնեց #շնորհակալագիր՝ Գորիսի մշակութային կերպարի արժևորման ու հանրահռչակման, գորիսյան արժեքավոր գծանկարների շարքի ստեղծման և Բակունցի աշխարհին ստեղծագործական ինքնատիպ անդրադարձների համար։
Թեհմինա Մարությանը շնորհակալություն հայտնեց արվեստագետին Գորիսի հանդեպ տարիների ստեղծագործական կապվածության, քաղաքի ինքնատիպ դիմագիծը արվեստի լեզվով պահպանելու ու հանրահռչակելու, ինչպես նաև Բակունցի կերպարին նվիրված ստեղծագործությունների համար։
Հանդիպման ընթացքում Լևոն Լաճիկյանը Հիմնադրամին նվիրեց իր գծանկարներից, այդ թվում՝ Ակսել Բակունցի տուն-թանգարանի հայտնի գծապատկերը՝ Գորիսի և Բակունցյան աշխարհի հետ արվեստագետի երկարամյա ստեղծագործական առնչության գեղեցիկ վկայություններից մեկը։
Հանդիպումն ունեցավ նաև գործնական ու խոստումնալից շարունակություն։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի աջակցությամբ Լևոն Լաճիկյանի գորիսյան գծանկարների ընտրանին առանձին գեղարվեստական բացիկաշարով հրատարակելու ուղղությամբ։ Նախաձեռնությունը հնարավորություն կտա մեկ ամբողջության մեջ ներկայացնելու արվեստագետի ստեղծած Գորիսի ինքնատիպ դիմանկարը և այն հասանելի դարձնելու նաև քաղաքի հյուրերին ու զբոսաշրջիկներին՝ որպես Գորիսից իրենց հետ տանելիք գեղեցիկ ու արժեքավոր մշակութային հիշողություն։
Լևոն Լաճիկյանին գորիսյան այցի ընթացքում ուղեկցում էր նաև եղբայրը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ, մոգական ռեալիզմի ինքնատիպ ներկայացուցիչ, գեղագետ, արվեստաբան, ԵՊՀ դոցենտ Սամվել Լաճիկյանը։ Հանդիպման առիթով նա ևս արժեքավոր նվիրատվություն կատարեց «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամին՝ փոխանցելով իր ստեղծագործական կատալոգներից։
Հիմնադրամը ջերմորեն շնորհակալություն է հայտնում Լևոն և Սամվել Լաճիկյաններին՝ ստեղծագործական հանդիպման և Գորիսի մշակութային կյանքի հանդեպ ջերմ վերաբերմունքի համար։