Գիտելիքի ճանապարհը սկսվում է հենց այստեղ՝ մանկապարտեզից
Ջերմ ժպիտներ, գունավոր փուչիկներ, ծաղիկներ ու տոնական տրամադրություն․ այսպիսին էր սեպտեմբերի 1-ը Գորիս համայնքի մանկապարտեզներում։ Գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ մանկապարտեզներում տիրում էր տոնական ու ջերմ մթնոլորտ, քանի որ օրվա խորհուրդը կարևոր է նաև ամենափոքրիկների համար։
Մանկապարտեզում կարևոր են ոչ միայն խաղերը, երեխաների խնամքն ու ժամանցը, այլ նաև կրթության և գիտելիքի առաջին հիմքերը։ Ամենօրյա խաղերի, զբաղմունքների ու տարբեր կրթական գործընթացների միջոցով փոքրիկները սովորում են ճանաչել աշխարհը, շփվել, բացահայտել, մտածել ու ինքնուրույնանալ։
Մանկապարտեզը երեխաներին պատրաստում է կյանքի կարևոր հաջորդ փուլին՝ դպրոցին։ Այստեղից նրանք դպրոց են ճանապարհվում ոչ միայն սիրով ու հոգատարությամբ շրջապատված, այլև իրենց տարիքին համապատասխան գիտելիքներով, հմտություններով և նոր բան սովորելու պատրաստակամությամբ։
Գորիսի համայնքապետարանը կարևորում և հետևողական աշխատանք է իրականացնում՝ մանկապարտեզներում կրթական գործընթացի որակը բարձրացնելու և երեխաների համակողմանի զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Չէ՞ որ հենց մանկապարտեզում է ձևավորվում այն ամուր հիմքը, որի վրա հետագայում կառուցվում է կրթված, ինքնուրույն, արժեհամակարգ ունեցող ու հայրենասեր սերնդի ապագան։