ՀՀ-ին՝ Ցեղասպանություն գործած Թուրքիայի հետ առանց նախապայմանների հաշտության դրդող և Ադրբեջանի՝ ռազմական, էթնիկ զտման, պատմամշակութային վանդալիզմի ճանապարհով լուծումները՝ Արցախին և ՀՀ-ին որպես խաղաղություն պարտադրող Արևմուտքն այսօր աննախադեպ հիսթերիայի մեջ է առ այն, որ Թրամփը Պուտինի հետ սկսում է կառուցողական դիալոգը: Ամեն դեպքում, սա է գերակայում ամերիկա-եվրոպական գրեթե բոլոր ԶԼՄ-ների կայքերում և եթերներում:
Ծայրահեղ հակառուս Արևմուտքը մինչ օրս ակնկալում է ՌԴ-ի պարտությունը և զիջումները Ուկրաինայում:
Ջեֆրի Սաքսը, թերևս, ամենադիպուկն է տվել նրանց նկարագիրը՝ «հոգեշեղված իդիոտներ»:
Պատերազմը, որը միտված էր տնտեսապես մաշել ՌԴ-ին և իզոլացնել նրան աշխարհից և որը նեոգլոբալիստական ուժերի 60-ամյա ծրագիրն էր, հակառակ ելքեր ունեցավ, հակադարձ բևեռներ գեներացրեց Արևմուտքի դեմ, միջազգային հարաբերություններում ՌԴ-ին առավել ուժեղ գործոն դարձրեց, ինչն էլ դրդեց ԱՄՆ-ին վերադառնալ խաղաղ, առանց հավելյալ սվինների դիալոգին (որի չեզոքացումից էլ, ինչպես բազմիցս նշել են ՌԴ-ում, սկսեց «Հատուկ ռազմական օպերացիան», հենց այս դիալոգի դադարի մասին է Թրամփն ակնարկում, որ եթե ինքը լիներ կառավարությունում, պատերազմը չէր սկսի) և անել դա ՌԴ նախագահին պատվելով, մինչդեռ հավաքական գլոբալիստական Արևմուտքը դեռ չի հասկացել, որ աշխարհի հզոր միջուկային գերտերությունը չի կարող պարտվել որևէ պատերազմում, եթե այն չվերածվի գլոբալ միջուկային աղետի, որ անհնար է այդ գերտերության հետ ցուցադրաբար ուժի լեզվով խոսել և անվնաս հեռանալ:
Միջազգային մեդիայի գլխավոր վերնագրերը՝
«Հանդիպումն ավարտվեց առանց որևէ արդյունքի և համաձայնության»,
«Դիկտատոր Պուտինը դուրս եկավ միջազգային մեկուսացումից՝ Թրամփի շնորհիվ»,
«Հրադադար չի լինի, Պուտինը կշարունակի օկուպացնել Ուկրաինայի տարածքները»,
«Թրամփը մնաց ձեռնունայն, Պուտինը ստացավ իր ուզածը»,
«Ծաղրեցին բոլորին՝ չմեկնաբանելով հանդիպումը», ևն, ևն:
Ինչևէ, տպավորություն կար, որ երկու նախագահները կարոտել էին փոխադարձ շփմանը, ընկերակցությանը: Հանդիպումը, իսկապես, շարքից դուրս էր, չափազանց ջերմ էր, անմիջական և պատվառատ, չափազանց բարեկամական էր՝ հաշվի առնելով վերջին տարիների հակամարտությունը, ինչն էլ, բնական է, որ պիտի նյարդայնացներ ՌԴ-Ուկրաինա պատերազմի մյուս շահառուներին:
Եզրահանգում. աշխարհի 2 հզորագույն գերտերությունները մտան պատերազմի ավարը կիսելու փուլ, և հիմա կարևոր է, որ մեզ պես ինքնակամ զոհեր շատ չընկնեն ոտքի տակ, քանի որ տուժողը, վստահաբար, այս պարոնները չեն լինելու, և ինչպես ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ կարևորն այն է, թե դու որտեղ ես՝ սեղանի շուրջ, թե՞ ճաշացանկում: