Արդյո՞ք դպրոցական գիտելիքը բավարար է կրթության բարձր աստիճանով հասարակություն ունենալու համար․ Մարիամ Անտոնյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Մի քանի օր է համացանցի թիվ մեկ թեման Հայաստանի կրթական մակարդակի ցածր լինելու հարցն է։ Ինձ հանդիպած քննարկումներում կրթության մակարդակը չափվում է դպրոցում տված գիտելիքներով, կարդացածը հասկանալ֊չհասկանալով, մաթեմատիկական բարդ խնդիրներ լուծել կարողանալ֊չկարողանալով։

Բայց արդյո՞ք դպրոցական գիտելիքը բավարար է կրթության բարձր աստիճանով հասարակություն ունենալու համար։

Առաջին անգամ, երբ սկսեցի համայնքայի ծրագրերով գյուղեր գնալ ու մարդկանց հետ շփվել, սարսափեցի կենցաղավարության ցածր մակարդակից։ Խոհանոցը, թունաքիմիկատները, ուտելի֊չուտելի, լրիվ խառնված է իրար։ Վերջերս մի քանի անգամ նկատել եմ բժիշկները ահազանգում են երեխաների թունավորումների մասին, կենցաղային քիմիայի և թումաքիմիկատների անզգույշ օգտագործումից։ Մեր գյուղերում տեսե՞լ եք ոնց են թունաքիմիկատների և քիմիական պարարտանյութերի հետ աշխատում։ Հետն էլ փոքր երեխաներին տանում են դաշտ ու նույն թունաքիմիկատի շաղ տալու պրոցեսին ակտիվ մասնակից դարձնում ու ոչ մի պաշտպանիչ միջոց, ոչ մեծին, ոչ փոքրին։ Քիմիական պարարտանյութը օգտագործում են, պարկերը պահում, հետո մեջը ուտելի բույսերն են լցնում ու հայդա դեպի շուկա` վաճառքի։ Ինչի՞ է էսպես, որովհետև կիրթ չեն։

Հայաստանում մենք ունենք գյուղական համայնքներ, որտեղ դեռ մարդիկ ապրում են իրար անիծելով, աչքով տալով, թուղթ ու գիր անելով, միմյանց հանդեպ չարությամբ ու նախանձով լցված։ Մի տեղ մի օր հարազատ քույրը ինձ համոզում էր, որ եղբոր ընտանիքի համար ոչ մի ծրագիր չանենք, առանց պատճառի, պարզապես չանենք։ Ինձ համար սա ևս անկիրթ հասարակության երևույթ է։

Կարդալ ու չհասկանալը դեռ երկրորդ աստիճանն է, մենք նույն հայերենով ուղիղ հաղորդակցվելով իրար չենք հասկանում։ Մեկին ասում ես տանձ, ինքը պնդում է, որ ինքը խնձոր չի ուզում։ Ասում ես ես խնձոր չեմ ասում, ասում եմ տանձ, ասում է էդ խնձորի մասին որ ասում ես, իմ հետ կապ չունի։ Ես էս երևույթը առաջին անգամ զգացի 2019 թվականին ու սարսափելի էր, որ դու նույն երկրում, նույն մշակույթի և լեզվի կրողը լինելով էսքան չես կարողանում քո հայրենակիցներին հասկանաս։ Էնքան են ռուսերեն տառերով հայերեն բառեր գրում, տենց էլ մտածում ու հաղորդակցվում են։

Համայնքներ ունենք, որտեղ բնակիչները ծնվել, մեծացել, ամուսնացել են ու երբեք իրենց գյուղից դուրս չեն եկել։ Մաքսիմում մի կոշիկ ու հագուստ գնելու համար ամենամոտ փոքրիկ քաղաքն են գնացել, մտել խանութ ու էլի եկել հետ գյուղ։ Ոչ մի մշակութային միջոցառման ներկա չեն եղել, դեռ դպրոցական տարիներից սկսած։ Սա գումարի բացակայության մասին չի, կոմֆորտ զոնայից դուրս գալ չուզենալու մասին է, ինքնակրթությամբ չզբաղվելու մասին է, ոչինչ տեսնել ու սովորել չցանկանալու մասին է։ Դե արդյուն էլ բերում է մտածելակերպի լճացման, կարծրատիպերի խտացման։ Կարծում եմ հասկանալի է, թե չմաքրվող լիճը ինչ է դառնում։

Ամենավերջին թրենդն է դարձել անշնորհակալ լինելը։ Երբ մի բանի կարիք ունեն, դու անդադար լսում ես ամենատխուր պատմությունները, խնդրագին պատմություններ` օգնելու համար ստեղծված, նույնիսկ հատուկ կեցվածք են ընդունում։ Տուն ես գնում, նենց տեսարանների ես ականատես լինում, որ սարսափում ես, որ էդտեղ երեխաներ են մեծանում։ Բայց էդ տեսարանը հաճախ աղքատության հետ չի կապված, փնթիության հետ է կապված։ Բայց դե որպես բարեգործական հիմնադրամ, չես կենտրոնանում կենցաղավարության վրա, փորձում ես տարբեր ծրագրեր անել, օգնել, ոտքի կանգնեցնել էդ ընտանիքին։ Ու …. էդ ավելի հետաքրքիր է` սկսվում է մեծամտության գագաթնակետը։ Չկա բացարձակ շնորհակալ լինելու զգացողություն, որը այնքան կարևոր է յուրաքանչյուր կիրթ մարդու և հասարակության համար։ Էստեղ սկսվում է պաթոսը` օգնում եք հետո երեսով եք տալիս։ Չէ, ընկերներ, երեսով տալ չի, շնորհակալ լինելու զգացողությունը մի տեսակ մեր հասարակությունից վերացել է, փոխարենը` մեծամտություն, պահանջատիրություն` ինչքան ուզես։ Եսակենտրոն հասարակությունը հեռու գնալ չի կարող։ Հասարակությունը հենց “մենքն” է։

Մեր կրթական ծրագրերը էնքան տրանսֆորմացիայի պետք է ենթարկվեն, որ հասարակությունը առողջանա։ Երբ առողջանա, մաթեմատիկան էլ տեղը կընկնի, բնագիտությունն էլ, էլ չասեմ մայրենի լեզվող իրար հասկանալով հաղորդակցվելը։

Ես իմ էջում երբեք էս խնդիրների մասին չեմ գրում, սիրում եմ միայն մեր դրական կողմերը տեսնեմ ու ներկայացնեմ, բայց դե ջայլամի հոգեբանությունն էլ հեչ ճիշտ չի, պետք է առերեսվել խնդիրներին, որ դրանց լուծումներն էլ գտնել։

Ամեն ինչ շատ ավելի ցայտուն է երևում, երբ երկրից դուրս ես գալիս, միտքդ ու հոգիդ “թարմ” թթվածին է մտնում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել