Աշխարհաքաղաքական նոր եռացող ընթացքը նաև սյունեցիներիս է դրել խիստ ծանր վիճակում։
Ի՞նչ ենք անելու։ Զինված դիմադրությո՞ւն։ Սրա օրոք խիստ կասկածում եմ։
Հիշո՞ւմ եք՝ ինչպես 2020-ի դեկտեմբերի 18-ին, ժամը 17։00-ին մերոնք ստիպված ազատեցին Կապանի՝ իրենց զբաղեցրած դիրքերը։ ՊՆ ներկայացուցիչներն եկան ու արագ կազմակերպեցին դա։
Դե, էլ չխոսենք Շուռնուխի տների, կենսական նշանակության ճանապարհների հանձնման մասին, որոնց պատճառով տեղի ունեցան սյունեցիների իրավունքների զանգվածային խախտումներ՝ ազատ տեղաշարժից մինչև առողջապահական, կրթական հարցեր (մարզի 2 հատվածում բլոկադա էր․ Գորիս-Կապան միջպետականի` մի քանի օրով փակվելու պատճառով շրջափակման մեջ էին Գորիսի 5, Կապանի 1 գյուղ, Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհի հանձնումից հետո որոշ ժամանակ կիսաշրջափակման մեջ էին Կապանի բնակավայրեր)։
Զինված դիմադրության հետ կապված շատ բան կարելի է ասել, բայց դրանք անվտանգային հարցեր են, ուստի չենք խոսի։
Պետք է գործի կամային դիմադրությունը։ Այն ենթադրում է նվազագույնը ֆիզիկական ներկայություն ապահովել փողոցում՝ կամք պարտադրելու համար նրանց, ովքեր ադրբեջանցիների կզիջեն ինքնիշխան տարածք, այս դեպքում խոսքը ՀՀ դե ֆակտո իշխանությունների մասին է։
Հակառակ դեպքում ադրբեջանական զորքը հայտնվելու է Կապանի կամ Գորիսի հրապարակում են, ինչպես հայտնվեց Ստեփանակերտի մատույցներում։
Սա է իրականությունը։ 4 տարի անց Սյունիքը դարձյալ կարևորվում է իրադարձությունների շղթայում:
100 տարի առաջ, երբ Ադրբեջանը դարձյալ հավակնում էր Նախիջևանին, Արցախին ու Զանգեզուրին՝ Սերգո Օրջոնիկիձեին հեռագիր էր ուղարկել Չիչերինին։ 1920, 3-ը հուլիսի.
«Ղարաբաղն ու Զանգեզուրը անհապաղ պետք է ճանաչել Ադրբեջանի կազմում, դրանք վիճելի թողնելու դեպքում՝ անկասկած գրավվելու են թուրքերի կողմից, և ողջ հայ բնակչությունը կոտորվելու է։ Մենք դա ոչնչով կանխել չենք կարող»:
Սա շանտաժի փորձ էր, ինչը հիմա անում է Փաշինյանը․ ասում է՝ «այ, եթե չհանձնենք՝ պատերազմ կլինի։ Խաղաղության պայմանագիր ենք կնքում»։ Խաղաղության պայմանագի՞ր, ո՞ւմ հետ, թուրքի՞։
Ադրբեջանն ու՞մ գլխով է անվտանգային երաշխիքներ դնելու այդ պայմանագրի մեջ, երբ մեր գլխավոր վտանգն ինքն է։