Ադրբեջանական ԱԱՆ-ի լուծարումն ու Ապրիլյան պատերազմը. Ինչպես էր Բաքուն նախապատրաստվում մեծ պատերազմին դեռևս 2015-ին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
Ադրբեջանական ԱԱՆ-ի լուծարումն ու Ապրիլյան պատերազմը. Ինչպես էր Բաքուն նախապատրաստվում մեծ պատերազմին դեռևս 2015-ին

2015 թվականին Ադրբեջանի նախագահ Ալիևը հրամանագիր ստորագրեց Ազգային անվտանգության նախարարության լուծարման մասին։ Ամբողջ նախարարությունը լուծարվեց այն բանից հետո, երբ ԱԱՆ համակարգում բացահայտվեցին չարաշահումներ, շորթում, ապօրինի գաղտնալսում, ապօրինի ձերբակալություններ և այլն։

Նախ` ԱԱՆ նախարար Էլդար Մահմուդովը ազատվեց պաշտոնից և սկսվեցին զանգվածային ձերբակալություններ ԱԱՆ համակարգում, աշխատանքից ազատվեցին նախարարության շուրջ 250 աշխատակիցներ, իսկ մի քանի տասնյակ բարձրաստիճան սպաներ (այդ թվում՝ վարչության պետեր ու գեներալներ) ձերբակալվեցին և դատապարտվեցին կոռուպցիոն հոդվածներով:

Նախարարության լուծարմամբ ստեղծվեցին երկու առանձին ծառայություններ` Պետ. անվտանգության և արտաքին հետախուզության։ Հիմա կարևորը.

2015 թվականի դեկտեմբերի 14-ի հրամանագրով Իլհամ Ալիևը նոր կառույցների ղեկավարներ նշանակեց հետևյալ անձանց.

1. Պետական անվտանգության ծառայության առաջին պետ՝ Մադաթ Գուլիև (Madat Guliyev), ով ըստ բաց աղբյուրների մինչ այդ զբաղեցնում էր Արդարադատության նախարարի տեղակալի և քրեակատարողական վարչության պետի պաշտոնը: ԱԱՆ սկանդալի օրերին (հոկտեմբերին) նախ նշանակվեց ԱԱՆ փոխնախարար, իսկ կառույցի լուծարումից հետո դարձավ նոր Պետական անվտանգության ծառայության առաջին ղեկավարը, պաշտոնավարելով մինչև 2019թ.։

2. Արտաքին հետախուզության ծառայության առաջին պետ նշանակվեց Օրխան Սուլթանովը (Orkhan Sultanov), ով մինչ այդ աշխատել էր Արտաքին գործերի նախարարությունում և Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատանը, որտեղ զբաղվում էր հետախուզական հարցերով:

Ժամանակին այս փոփոխություններին մենք սակավ ուշադրություն դարձրեցինք, սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ դրանք ապագա մեծ պատերազմի ամենաակնառու ինդիկատորներն էին։ Ուշադրություն դարձնենք տարեթվին` 2015 թվականի աշուն։ Մի քանի ամիս անց` 2016 թվականի ապրիլին, սկսվեց «4-օրյա պատերազմ» անունը ստացած ռազմական օպերացիան։ Բայց մինչ այդ Հայաստանում էլ փոխվեց երկարամյա ԱԱԾ տնօրենը (սա գուցե օբյեկտիվ փոփոխություն էր, որը պարզապես համընկնում է):

Իսկ այնուհետև` երկու տարի անց, 2018 թվականին Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունենում, իսկ ևս երկու տարի հետո` 2020 թվականին Հայաստանի համար աղետալի պատերազմ։

Հիմա վերադառնանք Ադրբեջանի ԱԱՆ լուծարմանն ու այնքան կադրային ձերբակալություններին.

Որպես կլանային կառավարվող պետություն, կաշառակերությունն արմատացած է Ադրբեջանում և ես վստահ եմ, որ խնդիրը հրապարակված գործերը չէին, այլ ավելի մեծ մասշտաբի խնդիր, որի համար զոհաբերեցին այնքան գեներալներ ու կադրային աշխատակիցներ։

Իմ հիպոթեզն այն է, որ Ալիևը փորձում էր ազատվել հատկապես ռուսական ազդեցության աշխատակիցներից, ովքեր ռազմական գործողությունների պարագայում կարող էին տեսականորեն լինել Ռուսաստանի աչքերն ու ականջները։

Մյուսը` մեկ հզոր նախարարության փոխարեն երկու իրեն անմիջապես ենթակա գերատեսչությունները ավելի օպերատիվ կարող էին կատարել նախագահական հրահանգները։

Մյուսը` արտաքին հետախուզության տարանջատումը ազգային անվտանգության համակարգից հնարավորություն էր տալիս մասնագիտացված հատուկ գերատեսչության կայացմանը, քան դա հնարավոր էր բազմաֆունկցիոնալ նախարարության կազմում։

Կան նաև այլ բազմաթիվ պատճառներ` անձնական իշխանության ամրապնդումից մինչև անմիջական ենթակայության խնդիրների լուծում, կոնֆիդենցիալ տեղեկատվության վերահսկողության առավել հասանելի գործիքներ և այլն։

Բայց` հիմնական խնդիրն հենց Հայաստանի դեմ հաջորդ պատերազմն էր, որտեղ ամենամայն հավանականությամբ Ադրբեջանը կասկածում էր, որ Ռուսաստանը կարող է խոչընդոտել իր հաղթանակին, և այդ նպատակով վերացվում էին ռուսական բոլոր հավանական ազդեցության լծակները։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել